«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եթե անկեղծ լինեմ, մեր երկրում կազմակերպվող այն եզակի փառատոներից է, որից իրոք արվեստի շունչ է բուրում: Այս կինոփառատոնի գլխավոր արժանիքն, ըստ իս, նրա հնարավորինս ճիշտ ու չափավոր հայկականության մեջ է, քանի որ, լինելով միջազգային մասշտաբի միջոցառում, այն անցած բոլոր 14 տարիների ընթացքում կարողացել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել մեր ակունքներին, մեր ազգի անցած ճանապարհին ու մեր ազգի առաջ դրված այսօրվա մարտահրավերներին: Սակայն այս տարվա ցուցադրվելիք ֆիլմացանկին երբ ծանոթացա, հասկացա, որ նաև այս մշակութային իրադարձությունն է գործիք ու քարոզչամեքենա դարձել մեր երկրում գործող որոշ կազմակերպությունների ձեռքին: Պարզվում է՝ «Ոսկե ծիրան 2017»  կինոփառատոնին ներկայացված է երկու ֆիլմ, որոնք կարելի է դիտարկել որպես մեր երկրում համասեռամոլության ուղղակի քարոզ: Տխրահռչակ «Փինք Արմենիա» կազմակերպության պատվերով նկարահանված «Լսիր ինձ» հայ ԼԳԲՏ անձանց մասին պատմող, և իրանական «Ծիրանի այգիներ»` տրանսսեքսուալի մասին պատմող հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմերը Երևանում էկրան են բարձրանալու հենց հայ հանդիսականի համար, որովհետև, որքան էլ որ նշվի, որ սա միջազգային կինոփառատոն է, լավ գիտենք, որ լսարանի 99%-ը երևանյան հանդիսատեսն է լինում:

Իսկ հիմա ասացեք՝ ի՞նչ կարիք կա նման մշակութային նախագծերի միջոցով մեր երկրում քարոզելու մի բան, որը մեզ միայն դեպի կործանում կտանի: Մի երկրում, որտեղ դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ կան, որը պատերազմի մեջ է ու իր արական սեռի յուրաքանչյուր առողջ քաղաքացուն դիտարկում է որպես  պոտենցյալ զինվորի, գեյաքարոզչությունը հավասար է ինքնասպանության, պարոնա՛յք: Մշակութային լուրջ գործիչներ եք, հարգելի «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներ, մի՞թե դուք իրավունք ունեք ապազգային նման քայլերի գնալու, թե՞ այս ֆիլմերից յուրաքանչյուրի ցուցադրության համար համաշխարհային ԼԳԲՏ համայնքից լավ ֆինանսական խրախուսանք եք ստացել: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ռալֆ Յիրիկյանի անունը, ով այդ կինոփառատոնի հովանավորն է: Պարո՛ն Յիրիկյան, մի՞թե Ձեզ չի հուզում, որ ակամա մասնակցում եք ու հովանավորում եք համասեռամոլության քարոզը Հայաստանում: Հանե՛ք այդ ֆիլմերը, պարոնա՛յք, մի զրկեք մեզ մեր մշակութային եզակի տոնից, որովհետև այն, ինչը լկտի քարոզ է, չի կարող տոն լինել: Հոգնել ենք քարոզարշավներից, առավել ևս, երբ դրանք պատգամավորական ընտրություններին ու համասեռամոլներին են վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել