ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ:


Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է հայտարարությունում:


Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ  զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):


Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել