Ծծմբաթթուն դեմքին լցնել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բռնության այս ակտը սարսափելի տարածում ունի Իրանում: Սարսափելի, որովհետև դրանից տառապում են հիմնականում կանայք և երեխաները: «Մեղավորին» գործնականում զրկում են ապագայից:

Ներկայացնում ենք իրանցի լուսանկարիչ Ասգաղր Կամսեհին, ով Fire of Hatred լուսանկարների շարքում ներկայացնում է մարդկանց պատմություններ, ովքեր ենթարկվեցին իրենց հարազատների կամ ծանոթների հարձակմանը: «Իրանական վրեժի» զոհերն ամբողջ երկրում ֆինանսական աջակցության և բուժօգնության հույժ կարիք ունեն: Քիմիական այրվածքների ծանր հետևանքները կանայք ստիպված են լինում ինքնուրույն բուժել կամ դիմել բարեգործական կազմակերպությունների օգնությանը: Բայց բարությունը ոչ բոլորին է բավարարում:

Շիրին Մոհամադի: Թեհրանի 18-ամյա բնակչուհի: 2012 թ. առաջին օրը նա մերժեց տղամարդուն՝ հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: Երկրպագուն Շիրինի վրա թթու լցրեց: Կինը զրկվեց աջ աչքից, ականջից, բերանը մեծապես վնասվեց: Ամբողջ մարմնի վրա խորը այրվածքներ կային: Նա մի քանի վիրահատության ենթարկվեց, բայց ծանր վերականգնումը դեռ ավարտված չէ:

      

Ռաանա Պոր Ամրայ, 38 տարեկան, և Ֆաթիմա Կալանդարի, 8 տարեկան՝ Իրանի Հորեմբադ քաղաքի բնակչուհիներ: Ռաանայի եղբայրը վստահ էր, որ նա իր կնոջը խորհուրդ էր տվել բաժանվել իրենից: 2015 թ. հուլիսին նա Ռաանայից վրեժ լուծեց. նրա և դստեր վրա թթու լցրեց: Ռաանայի դեմքը, աչքերը, պարանոցի մի մասն այրված է: Ֆաթիմայի մեջքը, ձեռքերը, ափերը տուժեցին:

Մահնազ Կազեմի, 39 տարեկան: Ապրում է Կում քաղաքում: Մահնազի ամուսինը միշտ նրա հանդեպ դաժան էր, հաճախ էր ծեծում: Կինը որոշեց բաժանվել, ամուսինը նրան զրկեց գեղեցկությունից՝ վրան թթու լցնելով:

Մասումեհ Ահայ, 32 տարեկան, Սպահան: 2008 թ. նա բաժանվեց ամուսնուց: 2 տարի անց Մասումեհի սկեսրայրը վրեժ լուծեց՝ կնոջ վրա թթու լցնելով: Մասումեհի երկու աչքերը կուրացան:

Զիվար Պարվին, 37 տարեկան: Ամուսնու մահից հետո Զիվարին առաջարկություն արեց խորթ եղբայրը: Կինը մերժեց: 2011 թ. հուլիսի 9-ի գիշերը տղամարդը և նրա առաջին կինը Զիվարի և նրա 18-ամյա դստեր՝ Յասրայի վրա քնած ժամանակ թթու լցրեցին: Հարձակումից 18 օր անց Յասրան մահացավ: Զիվարի ձեռքում դստեր լուսանկարն է հարձակումից առաջ:

Մարիամ Զամանի, 38 տարեկան, և Արեզո Հաշեմի Նիժադ, 13 տարեկան, Թեհրան: 2010 թ. Մարիամի եղբոր կինը քնած կնոջ և նրա 3 դուստրերի վրա թթու լցրեց՝ միայն նախանձի պատճառով: Լուսանկարում Մարիամն է իր դուստրերից մեկի հետ:

Մոհսեն Մորտազավի, 34 տարեկան: 2012 թ. առաջին աշխատանքային օրը նա ենթարկվեց դաժան հարձակման իր գործընկերոջ կողմից, ով տղամարդու վրա 3 լ թթու լցրեց, հետո դանակի մի քանի հարված հասցրեց, քանի որ վստահ էր, որ Մոհսենը մի քանի անգամ ծաղրել էր իրեն: Ավելի ուշ պարզվեց, որ Մոհսենը մեղավոր չէր:

Սոմյե Մեհրի, 29 տարեկան, Բամ: Կինը որոշեց բաժանվել ամուսնուց: Ի պատասխան՝ 2011 թ. կինը և իր դուստրը հարձակման ենթարկվեցին: Երկուսն էլ զրկվեցին աջ աչքից: Հարձակումից 4 տարի անց Սոմյեն մահացավ այրվածքների ծանր հետևանքներից: Լուսանկարում Ռաանան է մոր լուսանկարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել