Օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպումը կարգավորվում է ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153-րդ հոդվածով` հիմք ընդունելով աշխատավայրի ջերմաստիճանը: Եթե աշխատատեղերում, գործի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանք կատարելու դեպքում, անհրաժեշտ է ստեղծել հովանալու և հանգստանալու հնարավորություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հաշվի առնելով շոգ եղանակը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա` ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
• օգտագործել բաձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանող միջոցներ` բաց գույնի, բնական նյութերից գլխարկ, օդափոխությունը ապահովող արտահագուստ, ստվեր ապահովող մեծ հովանոցներ, ակնոց և այլն,
• ստեղծել անհրաժեշտ պայմաններ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար, հաճախ լվացվել,
• կատարել աշխատանքային ռեժիմի փոփոխություն` հատկապես առավել ծանր և լարված աշխատանքի կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, իսկ օրվա շոգ ժամերին` աշխատանքի երկարատև ընդմիջում:

Միաժամանակ, անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել