Խոսելով Թավշյա հեղափոխության հավանական սցենարներից ու դրա՝ Հայաստանում կիրառելի լինելուց, պիտի նաև անկեղծ լինենք ու ասենք, որ դրա նախադրյալներն այս պահին մեր երկրում չկան։ Կիսաավտորիտար համակարգերում որպես հեղափոխության նախադրյալ փողոցում հիսուն հազար մարդ ունենալը դեռ քիչ է։ Անհրաժեշտ է նաև ունենալ աջակցություն իշխանության ներսում, ուժային կառույցներում։ Այս պարագայում խոսքն, անշուշտ, ընդդիմության մասին չէ։ Հայաստանում նման իրավիճակներ, բացառությամբ 1998 թվականի, չեն եղել։ Եղել է նախադրյալ 2008 թվականին, սակայն այն շատ արագ ճնշվել է։ Դա այն պահն է, երբ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները փորձեցին պաշտպանել ընդդիմությանը, սակայն դա շատ արագ կանխվեց։ Հիմա իշխանությունն ուժեղ է, քան երբևէ։ Ուժային կառույցների վստահությունը երկրի նախագահը վայելում է անվերապահ, ու թեպետ հանրային գիտակցության մեջ՝ հատկապես սոցիալական ոլորտում, որևէ փոփոխություն չկա, հանրության բողոքն այս պահին կրիտիկական չէ, ու սոցիալական բունտի նախանշան Հայաստանում չկա։ Թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ է նաև մարդկանց տեսլական առաջարկել, իսկ «փոխել փոխելու համար» վաղուց սպառված թեզը Հայաստանում չի աշխատում։ Մի պարզ պատճառով՝ քաղաքացին հրապարակ գալով պիտի մտքում ունենա մեկ միտք՝ ինչ է ինքը ստանալու մյուսին հեռացնելով։ Եթե պիտի միայն դերեր փոխվեն ու ազգանուններ, ապա սրբազան հնից նրա համար լավ բան չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել