Aravot.am-ը գրում է.

-Պարոն Մելիք–Շահնազարյան, Global Firepower-ն օրերս հրապարակել է «Ռազմական հզորության գլոբալ ինդեքս» վարկանիշը, որտեղ Հայաստանը 132 երկրների շարքում 95–րդ տեղն է զբաղեցնում։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը 59-րդ հորիզոնականում է։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են այս թվերը մոտ իրականությանը։ 

–Ամեն տարի տասնյակ տարբեր կազմակերպություններ, որոնք հաճախ ներկայանում են որպես վերլուծական կամ հետազոտական կենտրոններ, նման բազում զեկույցներ են հրապարակում։ Նախկին փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն, այդ կառույցների հրապարակած վարկանիշները երբեք չեն կրկնում միմյանց։ Մեկ հրապարակման մեջ, օրինակ` Հայաստանը, կարող է առաջատար դիրքերում լինել, մեկ այլ տեղ, ինչպես այս դեպքում, հանգրվանի վերջին շարքերում։ Ավելին ասեմ՝ հաճախ նման տատանումներ են նկատվում նաև միևնույն կազմակերպության կողմից տարբեր տարիներին հրապարակած ռեյտինգներում։ Դրա համար, նման զեկույցներին երբեք մեծ կարևորություն չեմ տվել։ Դրանցում մարդկային, հատկապես հոգեբանական ու պատրաստականության գործոնը հաշվի առնված չէ: Մինչդեռ ռազմական ներուժի համար դա չափազանց կարևոր է: 

Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել մի գնահատականի, համաձայն որի՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև անգամ Վրաստանի զինված ուժերն են ավելի մարտունակ համարվում, քան հայկական զորքերը։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Վրաստանի բանակին վերաբերող խնդիրները հանրահայտ են ու շատ մտահոգիչ։

Ինչ վերաբերում է հիշատակված վարկանիշին՝ Global Firepower-ի «Ռազմական հզորության գլոբալ ինդեքսին», ապա ընդամենը պետք է տեղեկացնեմ, որ իրենց կայքում հենց նշված է, որ ժամանցային բնույթ ունեն: 

-Այդ պարագայում ինչու՞ են հրապարակվում նման զեկույցներ և ինչպե՞ս դրանք կարող են ազդել այդ վարկանիշում ընդգրկված երկրների հեղինակության վրա։ 

-Կարծում եմ՝ այս պարագայում երկրների հեղինակությունն ընդհանրապես չի կարող քննարկվել։ Հասկանալի է, որ այս կամ այն պետության ազդեցությունն ու ռազմական կարողությունները դրսևորվելու շատ ավելի լավ և խոսուն ասպարեզներ ունեն։ Համաձայնեք՝ անկարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ, հենվելով տարատեսակ կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշների վրա, այս կամ այն երկիրը հակառակորդի դեմ մարտական գործողություններ պլանավորի։

Այլ հարց է, թե ինչու են հրապարակվում նաև զեկույցներ։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Օրինակ, նույն Global Firepower-ի պաշտոնական կայքում հստակ նշված է, որ իրենք ժամանցային բնույթի նյութեր են հրապարակում։ Ոչ թե հետազոտություններ կամ վերլուծություններ, այլ ժամանցային նյութեր։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ հիշատակված կենտրոնը չի մանրամասնում իր ուսումնասիրությունների մեթոդաբանությունը, չի ներկայացնում, թե վարկանիշ կազմելիս ինչ չափորոշիչների վրա է հենվում, ապա ամեն ինչ պարզ է դառնում։ 

-Այնուամենայնիվ տարբեր լրատվամիջոցներ, հատկապես ադրբեջանական կայքերը, հաճույքով հրապարակում և մեկնաբանում են այսպիսի զեկույցներում ներկայացված տվյալները։ Չե՞ք կարծում, որ դա կարող է որոշակի հասարակական տրամադրություններ ստեղծել այնպիսի երկրներում, որոնք գտնվում են բացահայտ հակամարտու 

–Լրատվամիջոցները նույնպես մեծ կարևորություն են տալիս իրենց վարկանիշին, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շատ ընթերցող ունենան։ Բնականաբար, համեմատություններ պարունակող ցանկացած նյութ միշտ հետաքրքիր է եղել ընթերցողների համար, և լրատվամիջոցները փորձում են բավարարել իրենց լսարանի հետաքրքրասիրությունը։ Սա հասարակական լայն զանգվածների համար նախատեսված լրատվություն է, բայց ոչ երբեք մասնագետների։ Նաև հասկանալի է, որ այն երկրի լրատվամիջոցները, որին առավելություն է տրված նմանատիպ զեկույցներում, ավելի մեծ հաճույքով կհրապարակեն իրենց ձեռնտու գնահատականները։ Իհարկե, դա լսարանին խաբելու որոշ տարրեր է պարունակում իր մեջ, բայց հատկապես տեղեկատվական պատերազմներում գտնվող երկրների համար սեփական բնակչությանը ոգևորելու մեթոդների մեջ սովորաբար ընտրություն չեն դնում։ 

-Այդ ամենով հանդերձ եկեք խոստովանենք, որ հասարակությանը իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ վիճակում են գտնվում զինված ուժերը և որքանո՞վ են դրանք ի վիճակի դիմակայել արտաքին մարտահրավերներին։ 

–Բնականաբար, մարդիկ ուզում են այդ ամենը իմանալ։ Եվ դա լավ է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դժվար է գտնել մեթոդաբանություն, որով հնարավոր կլինի լիովին համեմատել երկու երկրների ռազմա-քաղաքական կարողությունները: Ավելին՝ անշնորհակալ գործ է սպասվող կամ ակնկալվող պատերազմի արդյունքը հաշվելը՝ նկատի ունենալով կողմերի տնտեսական, մարդկային, ռազմական, տեխնոլոգիական  կամ այլ ռեսուրսները:

Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ կարևորը ոչ այնքան զինվորների քանակն է, որքան զինվորի մոտիվացիան և անձնակազմի կառավարման հմտությունները: Եթե խոսենք պարզ թվաբանական համեմատությունների լեզվով, ապա 90-ականների սկզբին Ադրբեջանը հաշված ժամերի ընթացքում պետք է ջախջախեր Արցախի ինքնապաշտպանական ուժերին:

Բայց այդ պատերազմն ավարտվել է, և մենք գիտենք՝ ինչպես: Այսօր ևս կարող է տպավորություն լինել, որ Ադրբեջանը գերակայում է ռազմի դաշտում, բայց կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում չի գտնվի գեթ մեկ մարդ, ով չի տեսնում ուժերի իրական հարաբերակցությունը և չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղությունը մեր սահմաններում պահպանվում է բացառապես մեր զինված ուժերի մարտունակության շնորհիվ։ Դրանում մենք համոզվեցինք ընդամենը մեկ տարի առաջ. և ոչ թե տարատեսակ կառույցների զեկույցներով կամ զորավարժություններով, այլ լայնամասշտաբ ռազմական գործողություններով:

Անցած տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի զինված ագրեսիան կանխելու համար բավական եղավ միայն Արցախի ռազմական պոտենցիալը։ Իմ կարծիքով, այս փաստը ցանկացած վարկանիշից ավելի խոսուն է։ Իսկ եթե իմ գնահատականն եք հարցնում, ապա պիտի ասեմ, որ հաշվի առնելով մարդկային գործոնն ու որոշ զինատեսակների առկայությունը՝ հայկական զինված ուժերը՝ Հայաստանն ու Արցախը միասին, իրենց ներուժով այսօր կրկնակի անգամ գերազանցում են հակառակորդին: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել