Երեկ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, թե ոստիկանները բռնություն են գործել քաղաքացու վրա, այն է՝ «տշել են» փողոցում առևտուր անող տատիկի ծիրանները: Սկզբում սոցցանցերի օգտատերերի կարծիքները թեական էին, հետո սկսեցին դառնալ հաստատական, ապա այդ «հասատատականությանը» միացան նաև լրատվամիջոցները: Եվ բոլորն այնքան միանշանակ ու բարկացած, ասես անձամբ ներկա են եղել այդ «իրադարձությանը»: Ու ոչ ոք չի ուզում «հիշել», որ տեսագրությո՜ւն կա, որը զլացել են նայել «արդար զայրույթով բռնվածները», տեսագրություն, որը հերքում է «հաստատական» պնդումները. ձեր «նկարածը» թեկուզ մոտավոր հիշեցնող ոչի՛նչ չի եղել: 
Դիմում եմ սոցցանցերի «մտահոգ» օգտատերերին՝ կարծիք հայտնելուց առաջ նայե՛ք տեսագրությունը:
Հասկանում եմ՝ շոգ է ու ծուլություն, բայց ջանք արեք նայելու, ընդամենը մեկ րոպե է, և եթե այնտեղ բռնության նշույլ իսկ կա, ես պատրաստ եմ ներողություն խնդրել:
Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցրե՛ք այս ահագնացող փսիխոզը: Վերջ տվեք մութ սենյակում սև կատու փնտրելուն, մանավանդ որ հաստատ գիտեք՝ ոչ մի կատու էլ չկա: Հավատացե՛ք, այդպիսի փնտրտուքը հղի է ծանր հոգեբանական հետևանքներով: Եթե ձեր առողջությունը ձեզ չի հետաքրքրում, պահպանեք գոնե երեխաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել