Երեկ Սերժ Սարգսյանը, խոսելով կառավարության ծրագրերից, հորդորեց նրա ղեկավարին ու անդամներին չզլանալ ու զրուցել մարդկանց հետ՝ իրական խնդիրները վեր հանելու ու պարզելու համար: Ըստ նախագահի՝ դա նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Շատ լավ է, որ Սարգսյանը մատնանշում է այդ խնդիրն ու դե ֆակտո արձանագրում, որ կառավարության ու, առհասարակ, իշխանության ու հասարակության միջև հսկայական անջրպետ կա: Այդ անջրպետի հաղթահարման հենց առաջին խոչընդոտն էլ, պարոն Սարգսյան, հենց ձեզնից է գալիս, որովհետև դուք եք, որ խուսափում եք մարդկանց հետ ամեն տեսակի շփումներից ու դրանով գազազեցնում հանրությանը: Կարեն Կարապետյանը իշխանության մեջ երևի թե միակ մարդն է, ում այդ հարցով դիմելու կարիք չկա. մարդը գոնե այդ առումով փորձեց հնարավորինս մոտ կանգնել քաղաքացուն: Սակայն միայնակ զրուցելով ու մոտիկ գալով հարց չի լուծվի, համակարգային մոտեցում է անհրաժեշտ այս հարցում, ինչն, ըստ էության, գոյություն չունի: Սա պարզ մեխանիզմ է, ու եթե նախագահն ինքը խորշում է մարդկանցից, ապա ուրիշներին, էլ ուր մնաց վարչապետին նման խորհուրդներ տալու իրավունք չունի: Չունի և վերջ, որովհետև եթե վարչապետը շուռ գա ու հարցնի՝ այ պարոն նախագահ ջան, բա դու ինչո՞ւ չես նման կերպ վարվում, Սարգսյանը պատասխանելու բան, ըստ էության, չի ունենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել