«Սասնա ծռեր» խմբի գործը քննող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննե­րի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ նախօրեին դատարա­նում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
 
Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակար­գի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: Նա մեզ փոխան­ցեց դիմումը, որին կից ներկայաց­վել է նաև այն թուղթը, որը մինչև գործով դատավարության մեկ­նարկը «Սասնա ծռեր» խմբի ան­դամ Արեգ Կյուրեղյանը փորձել է փոխանցել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին:
 
Ներկայացվում է դատավորի կողմից Փաստաբանների պալա­տի նախագահ Արա Զոհրաբյանին ուղղված ամբողջական դիմումը: Գործով հունիսի 28-ին դատական նիստից առաջ Ոստիկանու­թյան ուղեկցող գումարտակի ծա­ռայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Արա Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումով թուղթ փոխանցելու փորձ:
 
Թղթի վրա առկա են եղել, մաս­նավորապես, հետևյալ գրառում­ները.
 
«1. Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորել
 
2.Ինքնակազմակերպմանը օժանդակելու
 
3.Մեր ազգային օրակարգը Ար­ցախի միացմամբ նոր հանրապե­տություն, հետո կուր-արաքսյան տարածքի վերահայացում
 
4.Մեր գաղափարները տարա­ծելու
 
5.Աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել և մենք ազատվելու ենք գաղութա­տիրությունից
 
6.Դատավարությունը շուռ տա­լու և վերածելու ռեժիմի մահավճռի
 
7.Լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ
 
8.Հետևել մեր առողջության, այն միայն մերը չէ, նաև պայքարի համար է»:
 
Դատական նիստից հետո փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե նշված թղթի վրա առկա գրառում­ները հանդիսանում են փաստա­բանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագր­ված են եղել իրեն:
 
Նշված տեքստի բովանդակու­թյունից ակնհայտ է, որ դրա տա­րածումն ուղղված է գործի դատական քննությունը կազմակերպված կերպով խոչընդոտելուն, իսկ փաստաբանը, իր հայտարարությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով, փորձել է օրինականացնել վերը նշված գործողությունները՝ իրավաբանական օգնություն ցույց տալու որևէ առն­չություն չունեցող փաստաթղթի բովանդակությունը ներկայացնե­լով որպես օրենքով պահանջվող փաստաբանական գաղտնիք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել