«Շուրջ քսան օրից կլրանա մեկ տարին, ինչ մի խումբ զինյալներ գրավեցին ՊՊԾ գունդը՝ իրենց արարքը որակելով որպես ապստամբություն, իսկ օրեր անց իրավապահներին հանձնվելը՝ որպես ռազմական գերեվարություն: Հասկանալի է, որ այս գործողությունն իր վրա սևեռեց հասարակության ուշադրությունը՝ հանրային կարծիքը բաժանելով երկու մասի: Դրանցից առաջինը, որ միավորում էր ագրեսիվ փոքրամասնությանը, «Սասնա ծռերին» համարում է մերօրյա հերոս­ներ՝ դյուցազուններ, որոնք զենքը ձեռքին դուրս եկան ազգի իրավունքները սե­փական երկրում պաշտպանելու համար: Երկրորդ մասի համար «Սասնա ծռերը» քրեական հանցագործներ են՝ մարդասպաններ, որոնք հայրենասիրության քողի տակ փորձում էին պետական հեղաշրջում իրականացնել, ընդ որում՝ դրա համար որպես գործիք օգտագործելով անզեն ժողովրդին: Բոլոր դիտարկումներով՝ այս խումբը մեծամասնություն է, բայց պահվածքն ագրեսիվ չէ:

Ըստ էության, թե առաջին, թե երկրորդ խումբն անհամբերությամբ սպասում էր «Սասնա ծռերի» գոր­ծով դատավարությանը՝ հույսով, որ հենց դատավա­րությունն ու դրա ընթացքում ի հայտ եկած հանգամանքները հնարավո­րություն կտան հիմնավորել սեփական տե­սակետը: Գոնե առայժմ, սակայն, բուն դա­տավարությունը դրա հնարավորությունը չի տալիս, քանի որ իրենք՝ ամբաստանյալ­ները, ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար: Ըստ որում, այս գործընթացում ներգրավված են բոլորը՝ թե ամբաստանյալները, թե նրանց դատապաշտպանները, և թե նրանք, որոնք հանդես են գալիս «Սասնա ծռերի» արտադատավարական խոսափողի դե­րում:

 

Ի դեպ, քանի որ խոսք եղավ «ծռերին» տեղեկատվական կամ, եթե կուզեք, քա­րոզչական դաշտում «օժանդակող խմբի» մասին, հարկ է նկատել, որ այն, ճիշտ է, այնքան էլ մեծ չէ, սակայն ինչ-որ առումով առեղծվածային է, քանի որ նախ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ինչ գործառույթ ունի և, բացի դրանից, քիչ թե շատ երևացող անձանց միավորում է մեկ հիմնական հատկանիշ՝ նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Մասնավորապես, Ալեք Ենիգոմշյանը, որը 2016 թվականի հուլիսի 27- ին ձերբակալվեց՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ցույցեր կազմակերպելու մեղադրանքով, սակայն հետագայում ազատ արձակվեց, թերևս, եղածներից ամենահանելուկային կերպարներից է: Ըստ որում, եթե համեմատում ենք նրա պաշտոնական կենսագրությունը իրականության հետ, պարզ է դառնում, որ տարօրինակ ոչինչ չկա Ենիգոմշյանի՝ սեփական կյանքը կողմնակի աչքերից թաքցնելու մեջ:

 

Խնդիրն այն է, որ Ալեք Ենիգոմշյանի կենսագրությունը հակասությունների կծիկ է և այդ իսկ պատճառով թե՛ նա, թե՛ նրա մերձավորագույն շրջապատը աշխատում են հասարակությանը ներկայանալ միայն այն գեղեցիկ փաթեթով, որը տարիներ շարունակ ներկայացվել է որպես միակ ճշմարտություն: Օրինակ՝ հայտնի փաստ է, որ Ենիգոմշյանը տեսողությունից և ձախ ձեռքից զրկվել է Շվեյցարիայում, երբ հյուրանոցային համարում պայթել է ինքնաշեն պայթուցիկը, որը, նույն Ենիգոմշյանի պաշտոնական կենսագրականի համաձայն, ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեկի շրջանակում նախատեսված էր թուրք հյուպատոսի համար: Մինչդեռ իրականում ոչ մի թուրք հյուպատոսի մասին խոսք անգամ չկար, իսկ պայթուցիկը նախատեսված էր Ենիգոմշյանի և նրա ընկերների հետ չհամաձայնելու համարձակություն ունեցած շվեյցարահայ բարերար ու հայրենասեր  մի գործարարի համար, ով, ի դեպ, հսկայական աջակցություն է ցուցաբերել Արցախյան հերոսամարտին:

 

Մեկ այլ մութ պատմություն էլ Ենիգոմշյանի կենսագրության մեջ կապված է սեփական ընտանիքի հետ. անհասկանալի պատճառներով Ալեքը խնդիրներ է ունեցել հարազատ եղբայր Հակոբի հետ, ով դաշնակցական պաշտոնյա էր: Եվ առհասարակ, հայտնի չէ՝ Ենիգոմշյանն ինչո՞ւ է ԱՍԱԼԱ-ի կողմից հռչակվել դավաճան և ինչ հարաբերությունների մեջ է նախկին գործընկերների հետ: Այս ամենը բավականին լուրջ մեղադրանք է Ենիգոմշյանի հասցեին, ուստի նա լավ կանի «երկրագնդի վրա արդարություն հաստատելու» փորձերից զատ մեկընդմիշտ պարզաբանի այս  և այլ խոսակցությունները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել