Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 29-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի: Հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Կարեն Դանիելյանը զոհվել էր մայիսի 20-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 248 մլն 627 հազար 247 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 151 մլն 800 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել