Երկրորդ ամսվա մեջ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ հայտարարում է, որ վստահում է Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ հրապարակայաին աջակցություն ցույց տալով վարչապետին։ Սա բավականին կարևոր ու քաղաքական առումով նուրբ երանգներ պարունակող հայտարարություն է, որի գլխավոր հասցեատերը, բնականաբար, հենց վարչապետն է։ Սովորաբար Հայաստանում ընդդիմության ճգնաժամի պայմաններում որպես իշխանությանն այլընտրանք ու փոխզսպող մեխանիզմ եղել է մի թև, որը նույնպես իշխանության մեջ է, սակայն ամեն ինչ չէ, որ կիսում է նրա հետ։ Սա բնական է։ Երբ չկա ուժեղ ընդդիմություն, խնդիրները ծագելու են իրար մեջ։ Կարապետյանի դեպքում սա ակտուալ դարձավ նրանով, որ մարդը Հայաստանում չէր ապրում, տեղյակ չէր ներքին անցուդարձից ու նրա համար բավականին դժվար էր սկզբնական փուլում հարմարվել նոր իրականությանը։ Ի տարբերություն ներհայաստանյան մյուս վարչապետերի, որոնք իշխանության մեջ տարբեր պաշտոններ էին զբաղեցրել, ու վերջիններիս գործունեության վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարուստ դոսյե ուներ ու պետք եղած ժամանակ օգտագործում էր նրանց դեմ, Կարապետյանի պարագայում այլ էր։ Նրան հրավիրել էին, ուրեմն՝ կարիքը զգացել են և ուրեմն՝ մարդուն պիտի տային նաև համապատասխան հնարավորություն աշխատելու ու արդյունք ստանալու։ Հիմա կառավարությունը ծրագիր է ներկայացրել, ու ճիշտ է, Կարեն Կարապետյանը մեկ տարի է՝ վարչապետ է, դեռ տնտեսության մեջ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն հանրությունը շարունակում է նրան վստահել, ինչը նշանակում է, որ ակնկալիքներ դեռ կան։ Նրան շարունակում է վստահել նաև նախագահը, նշանակում է՝ հույսեր նա էլ ունի։ Հետևաբար այս պարագայում առնվազն գոնե մինչև 2018 թիվը իշխանության մեջ ճգնաժամի թեմա գտնելն առնվազն անշնորհակալ գործ է։ Թեպետ դավադրության տեսություն պաշտողները միշտ էլ կարող են ինչ-որ բաներ գտնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել