«Կառավարության կողմից Ազգային Ժողովի քննարկմանն է ուղարկվել «Հողային օրենսգրքում» և կից փաթեթով օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախատեսված է Հողային օրենսգրքում:
 
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:
 
Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:
 
Քանի որ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն անխոչընդոտ կընդունի և, ըստ էության, 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունենա գյուղատնտեսական չօգտագործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:
 
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաստանի օլիգարխները:
 
Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվեցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքե՞ր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություններից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների համար՝ տնտեսությունն ակտիվացնելու «ազնիվ նպատակով»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել