Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հայաստանցի իր գործընկեր Արա Բաբլոյանի հետ Սեուլում տեղի ունեցած հանդիպմանը չափազանց ուշագրավ հայտարարություն է արել. «Իսրայելի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին բացասական հետևանքներ ունի, և առկա հիմնահարցը երկու երկրների միջև պետք է լուծվի երկխոսության ճանապարհով»:

Եթե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հնչեցրած միտքը դիվանագիտականից փոխադրենք սովորական լեզվի, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է նաև ռազմական ոլորտում ադրբեջանաիսրայելական գործակցության մասին, ինչի միջոցով իսրայելական արտադրության կամ ծագման սպառազինությունն Ադրբեջանի կողմից օգտագործվում է արցախյան հակամարտության գոտում՝ ապահովելով Թել-Ավիվի անուղղակի միջամտությունը հիմնախնդրին:

Նման հայտարարությունը միանշանակորեն կարելի է գնահատել որպես փաստացի զգուշացում Բաքվի բռնապետի վարչակարգին առ այն, որ նման գործելաոճի շարունակությունը բացասական հետևանքներ է ունենալու վերջինիս համար:

Ընդ որում՝ զգուշացումն անում է մի երկրի խորհրդարանի նախագահ, որը ոչ միայն կարող է բազմաթիվ լծակներ գործի դնել հատկապես իսլամական պետությունների շրջանակում լրջորեն սահմանափակելու Բաքվի հնարավորությունները, այլև ազդելու Ադրբեջանի ներքին զարգացումների վրա՝ հաշվի առնելով հատկապես իրանամետ շիա հավատացյալների այն հսկայական բանակը, որը Իրանին հաջողվել է ձևավորել նույնիսկ ադրբեջանական մայրաքաղաքի արվարձաններում:

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել