Tert.am-ը գրում է.
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Հայ-չեխական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում պարոն Շարմազանովն առանձնակի արժևորել է տիկին Հորսկայի դերը:
 Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:
 Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին և հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել