168.am-ը գրում է.
Հայկական ստարտափը՝ «Volterman» դրամապանակը, տպավորիչ արդյունք է ցույց տվել  դրամահավաքի (crowddunding) համար նախատեսված indiegogo.com հարթակում։

«Volterman»-ը սովորական դրամապանակ չէ։ Այն ունի տպավորիչ հնարավորություններ՝ հեռախոսը գտնելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, որը թույլ է տալիս տեսնել՝ որտեղ է գտնվում դրամապանակը, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, WIFI ինտերնետ տարածելու հնարավորություն և «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսն ու դրամապանակն իրարից հեռանում են, ապա տերը ազդանշան է ստանում։ Սա գործնականում բացառում է հեռախոսը կամ դրամապանակը որևէ տեղ մոռանալու հավանականությունը։

Ամեն ինչ սկսել է 2014 թվականի հունվարին, երբ Ազատ Թովմասյանը կորցրել է դրամապանակը։ Մարտին նա արդեն սկսել է մտածել «չկորչող» դրամապանակ ստեղծելու մասին։ Հետո ստեղծվել է նախատիպը, տեղի են ունեցել փորձարկումներ, մշակվել է դիզայնը, իրականացվել է բրենդինգ, ստեղծվել է մոբայլ հավելվածը։

Սերիական արտադրություն սկսելու համար մտահաղացման հեղինակները որոշել են դիմել crowdfunding-ի։ Այսինքն՝ նախնական անհրաժեշտ միջոցները հավաքել նվիրատվությունների միջոցով։ Մարդիկ, որոնց այս նախագիծը դուր է գալիս և ցանկանում են ապագայում այդ ապրանքը գնելու հնարավորություն ունենալ, կարող են օնլայն տարբերակով աջակցել նախագծին՝ գումար նվիրաբերել։

Crowdfunding-ն իրականացնելու համար նախագծի հեղինակները դիմել են Global.am կազմակերպությանը։

«Volterman»-ի դրամահավաքը indiegogo.com հարթակում մեկնարկել է երեկ երեկոյան, և այս պահի դրությամբ՝ 10 ժամվա ընթացքում, արդեն հավաքվել է 20.5 հազար դոլար։ Նվիրատվություններ կատարել են 220 հոգի, որոնց թվում շատ են օտարազգիները։

Crowdfunding-ից ստացված գումարը ներդրվելու է արտադրության մեջ։ Նախագծի հեղինակները հույս ունեն արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամապանակն առաքել աշխարհով մեկ։ Դրանից հետո մտնել մանրածախ շուկա՝ կապ պահելով խոշոր ցանցերի հետ, իսկ հաջորդ տարի անցնել մյուս ապրանքների ստեղծմանը՝ կանանց համար դրամապանակ, ուսապարկ, ճամպրուկ և այլն։

Ի դեպ, եթե ցանկանում եք աջակցել այս նախաձեռնությանն ու ավելի մանրամասն իմանալ դրամապանակի հնարավորությունների և գնի մասին, կարող եք այցելել նշված հղումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել