Այս կիրակի տեղի ունեցած «Ժառանգության» 11-րդ համագումարն առանձնակի փոփոխություններ չբերեց վերջին ընտրություններում ձախողված այս կուսակցության ներսում: Էլի Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվեց կուսակցության նախագահ, Արմեն Մարտիրոսյանը՝ փոխնախագահ: 
Հիմնականը, ինչ կարելի էր կամ ավելի շուտ՝ ակնկալվում էր այս կուսակցական միջոցառումից, ՕՐՕ դաշինքի հետ մեկ կազմակերպության մեջ միավորվելն էր, ինչը տեղի չունեցավ: Թեպետ ինչպես Վարդան Օսկանյանը, այնպես էլ Սեյրան Օհանյանը անձամբ ներկա էին «Ժառանգության» համագումարին, անգամ ողջույնի խոսք ասացին:
Բայց կոնկրետ փաստ է, որ միավորում տեղի չունեցավ: Թերեւս դաշինքային գործընկերներին ինչ-որ բաներ հետ են պահում այդ աստիճան մերձեցումից կամ էլ դա թողել են «հետո»-ին, թերեւս իրենց վրա, ըստ անհրաժեշտության հավելյալ ուշադրություն հրավիրելու նկատառումով: 
Նման միավորման հեռանկարն արտացոլվեց նաեւ «Ժառանգության» համագումարի ամփոփիչ փաստաթղթում՝ հռչակագրում, մասնավորապես հետեւյալ ձեւակերպմամբ. «Միատեղելու ենք ջանքերը՝ համախմբելու համար բոլոր իրապես ընդդիմադիր ուժերին ընդդեմ կուսակցապետության, ընդդեմ ոստիկանապետության եւ հանուն հանրապետության»:
Հարկավ, Րաֆֆի Հովհաննիսյանն «իր ոճի» մեջ էր, եւ այդ ոճը, որ «Մեծապատիվ մուրացկաններից» բանաստեղծի ճառին է նմանվում, նշված հռչակագրում իր տեղն է գտել, կարող եք ինքներդ համոզվել. «Չի կարող ազնիվը պարտվել խարդախին, ուժեղը՝ թույլին, արդարը՝ մեղավորին, անկաշառը՝ գռփողին, քաջը՝ վախկոտին, բարին՝ չարագործին, ճշմարիտը՝ կեղծարարին»,- ասված է կուսակցության հռչակագրում: 
Ի դեպ՝ «Ժառանգության» հռչակագրում միանգամայն կոնկրետ գրված է. «Առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է մեզ պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության: Սա կռիվ է հանուն հույսի ու լույսի, հանուն արդարության: Ղողանջե՛ք, զանգեր»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր համախոհներն, ըստ այդմ, իրենք իրենց դասում են ծայրահեղական տրամադրվածների շարքերը, հռչակում են հեղափոխություն (կամ հեղաշրջում) իրականացնելու իրենց մտադրությունը։ Ճիշտ է, կարող է վերջում պարզվել, որ «զանգերը ղողանջում էին» հենց թավշյա հեղափոխականների համար, բայց հայտարարությունն արդեն արվել է:
Իսկ պետական ուժային կառույցի դեմ սպանություններով ուղեկցված զինված գործողություն իրականացնող անձանց քաղաքական բանտարկյալ հռչակող եւ արկածախնդրության հակված անձանցից, ինչ ասես, կարելի է սպասել՝ «կոլեկտիվ աղոթքից» մինչեւ «կոլեկտիվ բախումների» հրահրում: 
Եվ երբ լրագրողները հետաքրքրվեցին վերոհիշյալ հռչակագրի «թավշեհեղափոխական» դրույթով, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Ես դա մեկնաբանում եմ որպես սահմանադրական հեղափոխություն, այսինքն՝ այն հեղափոխությունը, որը տակավին Հայաստանում չի եղել, այն, որ պետք է ժողովրդի ճնշմամբ իրացնի սահմանադրությունը, քանի որ ընտրական գործընթացներով կամ չընտրական գործընթացներով այդ հարցը չի լուծվում: Դրա համար ես համարում եմ, որ այդ եզրույթը ենթադրում է հասարակության ակտիվ մասնակցություն»:
Համենայն դեպս, իրենց համար ժամկետ էլ են սահմանել, հարցին, թե հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա 2018-ի ապրիլին (նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը եւ լիովին խորհրդարանական կառավարման մոդելի անցնելը), Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, կարող է առաջին հերթին ուղղված լինի 2018-ի ապրիլին...»: 
Դե ինչ, քաղաքական դաշտում թերեւս միայն էքսցենտրիկ վարքով ու հայտարարություններով աչքի ընկած Րաֆֆի Հովհաննիսյանը «թավշեհեղափոխական» պատմուճանով է որոշել հանդես գալ: Առաջներում նա ավելի բովանդակալից նպատակներ էր հռչակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել