Գրեթե բոլոր երկրներում բանակը փակ համակարգ է: Դա օբյեկտիվ, ընկալելի, տրամաբանված իրողություն է: Սակայն բանակի փակ համակարգ լինելը, բացի նրանից, որ կապված է այդ ինստիտուտի գործառնման հետ, կարող է նաև հանգեցնել այդ նույն ինստիտուտի ռեգրեսին, երբեմն նրա գործառնման արդյունավետության նվազմանը: Հաճախ ներքին անխուսափելի խնդիրները, կառուցվածքային ու կազմակերպչական ոչ բավարար արդյունավետ կանոնակարգերը, այդ ոլորտի որոշ սուբյեկտների անհատական անպատասխանատվությունը և մի շարք այլ հանգամանքներ, որոնց մի մասը բանակին է հասել որպես «ժառանգություն», մյուս մասը՝ ներթափանցել է հասարակական հարաբերություններից ու ոչ միշտ արդյունավետ մենեջմենտի՝ տարիներ շարունակ ձևավորված «բարի» ավանդույթներից, բանակի նման փակ համակարգերում ունենում են քայքայիչ ազդեցություն:

Նման հանգամանքներով է պայմանավորված, որ բանակը դառնում է խիստ պահպանողական, արտաքին ազդակներին պասիվ արձագանքող, երբեմն լճացած կառույց, որը քայլ առ քայլ կարող է կորցնել իր մարտունակությունն ու ամբողջականությունը՝ ինչ-որ մի հանգրվանում մեծ, երբեմն արդեն անլուծելի խնդիրներ ստեղծելով պետության ու անգամ պետականության պահպանման առումներով: Հետևաբար բանակում առկա խնդիրները պետք է լուծել, լուծել օբյեկետիվ ինֆորմացիայի ու հետևողական որոշումների հիման վրա:

Հենց այս կոնտեքստում (ինչպես նախկինում էլ ինքս մի շարք անգամներ նշել եմ) ամենից կարևոր դերակատարումն ունեն համակարգի (բանակի) հետադարձ կապը և առկա իրավիճակն առավել արդյունավետ դարձնելու կամք ու ցանկություն ունեցող թիմի առկայությունը: ՀՀ պաշտպանության ցանկացած նախարար պետք է համակողմանի իրազեկ լինի, թե ՀՀ ԶՈՒ-ում ինչ է կատարվում ոչ միայն իր ենթակա-սպաների զեկուցագրերից, այլ տեղեկության առաջնային աղբյուր հանդիսացող զինծառայողներից: Սա, կարծում եմ, առաջին հերթին պետք է բանակում խնդիրների լուծման, հասցեական ու թիրախավորված բարեփոխումների անցկացման առումով:

Կախված նրանից, թե ՀՀ ՊՆ-ի որոշում ընդունող օղակների ու զինծառայողների միջև հետադարձ կապը որքան կլինի ակտիվ ու օբյեկտիվ, այնքան բանակի՝ մարտունակության ու արդյունավետության բարձրացման հիմքով նախաձեռնած փոփոխություններն առավել թիրախային ու լիարժեք կլինեն, այնքան սպան ու զինվորը կարող են առավել միաբան ու արդյունավետ աշխատել, տնտեսական ռեսուրսներն ու նյութական բազան առավել թիրախային կծախսվեն, ռազմական կանոնակարգերն առավել հասցեական, իսկ զինծառայությունը առավել արդյունավետ կլինեն:

Կարծում եմ՝ հենց նման խնդիրների լուծմանն էր ուղղված ՀՀ ՊՆ-ի կողմից առաջադրված «Դիտակետ» սոցիոլոգիական հարցումների ծրագիրը, որի մասին նաև այսօր իր ասուլիսում խոսեց ՀՀ ՊՆ նախարար Վ.Սարգսյանը:

ՀՀ ՊՆ նոր նախաձեռնությունը զինծառողներին ծառայության ավարտից հետո հնարավորություն է տալիս անանուն սոցհարցման միջոցով նշել ու բարձրաձայնել իրենց ծառայության ընթացքում առկա խնդիրների, թերացումների ու բացթողումների մասին: 
Ինֆորմացիան սոցիոլոգիական ֆիլտրման գործիքակազմի միջոցով մշակման ենթարկվելուց հետո կարող է կարևորագույն ու շատ անհրաժեշտ գործիք դառնալ բանակում իրական վիճակի մասին օբյեկտիվ ու այլընտրանքային տեղեկատվություն ստանալու, դրա հիմքով հետևություններ ու փոփոխություններ նախաձեռնելու/իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել