Ինչպե՞ս խնամել մաշկը, ո՞ր տարիքից սկսել այցելել կոսմետոլոգի, ի՞նչ միջոցառումներ իրականացնել հանգստի գնալուց առաջ և հետո. սրանք այն հիմնական հարցերն են, որ հաճախ հուզում են աղջիկներին։ «Մեդեսթ» էսթետիկ բժշկության կենտրոնի դերմատո-կոսմետոլոգ Սոնա Հարությունյանը պատասխանել է մեր հարցերին և մի շարք կարևոր խորհուրդներ տվել։

Լուսանկարներում դուք տեսնում ենք, թե ինչպես է կատարվում դեմքի մեզոթերապիան, որը նախատեսված է մաշկի խորը խոնավեցման և սնուցման համար. «Հաճախ հարցնում են՝ կա արդյո՞ք տարիքային սահմանափակում տվյալ միջամտության իրականացման համար։ Երեսուն-երեսուհինգ տարեկան աղջիկները հաճախ են խուսափում վաղ տարիքից կատարել այս միջամտությունը՝ անտեսելով չոր մաշկի առկայությունն ու պրոֆիլակտիկայի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով վաղ տարիքում արտահայտված կնճիռների առաջացմանը։ Կան նաև դեպքեր, երբ անհրաժեշտ է հակատարիքային միջամտություններ իրականացնել սկսած արդեն 27-30  տարեկանից, որպեսզի հետագայում հնարավորինս երկար պահպանվի մաշկի երիտասարդությունը»։

Դերմատո-կոսմետոլոգ Սոնա Հարությունյանը նաև նշում է, որ այսօր ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ չկան տարիքային սահմանափակումներ։ «Հասունացման շրջանն անցնելուց հետո, եթե առկա է մաշկի հետ կապված որևէ խնդիր, ապա պետք է դիմել դերմատո-կոսմետոլոգի օգնությանը։ Օրինակ, եթե տեսնում ենք, որ ունեք մաշկի չորություն, ջրազրկվածություն, բշտիկավորում կամ արտահայտված միմիկայի ակտիվություն, ապա մի հետաձգեք այցը դերմատո-կոսմետոլոգին»։

Դերմատո-կոսմետոլոգը BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է նաև դիմակների նշանակության և կարևորության մասին. «Պրոֆեսիոնալ դիմակները սովորաբար ունենում են երկու ուղղվածություն՝ մաքրող և սնուցող: Մաքրող դիմակները կիրառվում են մաշկի ավելորդ ճարպոտությունն ու աղտոտվածությունը հեռացնելու նպատակով։ Տվյալ նշանակության դիմակներն օգտագործվում են սովորաբար յուղոտ, պրոբլեմատիկ կամ համակցված մաշկերի դեպքում։ Խոնավեցնող դիմակներն օգտագործվում են չոր մաշկերի դեպքում՝ հաղորդելով խոնավություն ու սնուցում։ Կան դիմակներ, որոնք ունեն նաև սեզոնայնություն։ Օրինակ՝ ձմռանը մաշկն ավելի շատ սնուցման կարիք է զգում, և խորհուրդ է տրվում օգտագործել սնուցող միջոցներ։ Ինչ վերաբերում է ամառային խնամքին, շատ կարևոր է հասկանալ, որ անխտիր բոլորը պետք է պաշտպանեն մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ օգտագործելով SPF պարունակող քսուքներ, մասնավորապես, երբ առկա է մաշկի պիգմենտային խնդիր։ Շատերը հարցնում են՝ ամառային հանգստի մեկնելուց առաջ կարելի՞ է իրականացնել կոսմետոլոգիական միջամտություններ, թե՞ ոչ։ Ես հաճախ եմ ասում, որ կարելի է, պարզապես պետք է միշտ պահել ժամանակային հատվածը։ Եթե մեկնում եք ծովափնյա հանգստի, ապա երկու շաբաթ առաջ պետք է այցելել մասնագետին և, իհարկե, չմոռանալ որակյալ արևապաշտպան քսուքի օգտագործման մասին։ Օրինակ, եթե դուք ունեք յուղոտ և պրոբլեմատիկ մաշկ, խորհուրդ կտամ նախ և առաջ կատարել դեմքի պրոֆեսիոնալ մաքրում, որովհետև եթե մաշկի ծակոտիները խցանված են, ապա ծովի ջրից և արևի ճառագայթներից այդ աղտոտված ծակոտիները կբորբոքվեն՝ հետագայում առաջացնելով մի շարք խնդիրներ։ Ինչ վերաբերում է չոր և տարիքային մաշկերին՝ ցանկալի է անցկացնել խոնավեցնող միջամտություններ, քանի որ արևը և աղի ջուրը ջրազրկում են մաշկը։ Երիտասարդներն, օրինակ, կարող են սահմանափակվել դիմակներ և քսուքներ կիրառելով, իսկ ավելի տարեց կանանց դեպքում ցանկալի է անցկացնել ներարկումային որոշ միջամտություններ՝ մեզոթերապիա, բիորևիտալիզացիա, պլազմալիֆթինգ և այլն։ Որոշակի միջամտություններ անհրաժեշտ է իրականացնել նաև հանգստից վերադառնալուց հետո՝ արևից ստացված վնասակար հետևանքները շտկելու նպատակով»։

Հաջորդ հաճախ տրվող հարցերից մեկն էլ ոչ պրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցների օգտագործումն է, ինչպես նաև դրանց տարբերությունը. «Այն խնամքի միջոցները, որոնք վաճառվում են խանութներում, պարզապես շատ որակյալ չեն կարող լինել մի պարզ պատճառով, որ դրանք պատրաստվում են միներալ յուղերի հիման վրա, որոնք ամենաէժանագին նյութերն են համարվում, որոնցից և ստացվում են կրեմանման քսուքներ։ Խնդիրն այն է, որ տվյալ քսուքները պարզապես շղարշ են առաջացնում մաշկի վրա՝ չթողնելով ոչ մի դրական ազդեցություն, ավելին՝ փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ մաշկը շնչի։ Մասնավորապես, երբ խոսում ենք երիտասարդ, պրոբլեմատիկ կամ ճարպոտ մաշկի մասին, այդ ծակոտիների փակելու արդյունքում է, որ մեզ մոտ հետագայում առաջանում են կորյակներ ու բորբոքային պրոցեսներ։ Իսկ պրոֆեսիոնալ նյութերի պատրաստման դեպքում կիրառվում են բացառապես բուսական յուղեր, բարձրակարգ վիտամիններ ու ամինաթթուներ և, իհարկե, ակտիվ բաղադրիչներ, որոնք պատրաստվում են հատուկ տեխնոլոգիաներով: Դրանով է տարբերվում պրոֆեսիոնալ խնամքը ոչ պրոֆեսիոնալից։ Միշտ հիշեք՝ երբ մենք գնում ենք պրոֆեսիոնալ կոսմետիկ խնամքի միջոցներ, մենք հնարավորություն ենք տալիս նախ և առաջ մեր մաշկին շնչելու՝ դրանով իսկ նպաստելով նրա գեղեցկության ու առողջության պահպանմանը։ Միանշանակ, խորհուրդ եմ տալիս կոսմետիկ միջոցները ձեռք բերել միայն մասնագետի խորհրդով, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով ոչ միայն խնդիրը, այլ նաև Ձեր մաշկի առանձնահատկությունը»,- եզրափակեց Սոնա Հարությունյանը։  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել