Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը: Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի շրջանի դատախազը սպանության մեղադրանք է ներկայացրել երեխայի հորը՝ ավագ Արամազդ Անդրեասյանին: Վերջինս քննիչների կողմից Լաս Վեգասում ձերբակալվել է: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հոր տան մոտակա՝ Հարավային Փասադենայի զբոսայգի է բերել վարժեցված հոտառություն ունեցող շների, սուզորդները զննել են Սանտա Բարբարա շրջանի լիճը: Բացի այդ՝ հայտարարված է, որ ցանկացած մեկը, ով կօգնի գտնել երեխային, կպարգևատրվի 30 հազար ԱՄՆ դոլարով:

Այդուհանդերձ, որպես երեխայի անհետացման գործում հիմնական կասկածյալ է մնում ավագ Արամազդ Անդրեասյանը: Ոստիկանության քննիչներն արձանագրել են, որ նրա մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա փոխել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել ԱՄՆ արտահանձնվելուց:

Քննիչները հավատացած են, որ 35-ամյա Անդրեասյանը սպանել է որդուն՝ կնոջ հետ ամուսնալուծության բուռն գործընթացի պատճառով: «Հետաքննիչները հավատացած են, որ սա նախապես ծրագրված գործողություն է եղել»,- ասել է ոստիկանության լեյտենանտ Ջո Մենդոզան:

Ընտանեկան սպանությունների գծով քննիչ Լուի Ագիլերան նշել է, որ նա և իր գործընկերները մշտական կապի մեջ են եղել 5-ամյա Արամազդի մոր հետ հետաքննության ողջ ընթացքում: Նա բարձրաձայն ընթերցել է մոր հայտարարությունը որդու մասին, ում մականունը Պիկի էր. «Իմ սիրտը փշրված է: Ես հետագա կյանքիս ամեն օրվա յուրաքանչյուր վայրկյանը կարոտելու եմ իմ որդուն: Պիկին իմ կյանքի ամեն ինչն էր, ես չեմ կարող պատկերացնել այն դատարկությունը, որը կզգամ, մինչև մի օր նորից միասին կլինենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել