Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ:

1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի Երգի պետական թատրոն և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ: Արամը իրենց դիմացի բակից էր, ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: 

2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի պետական թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում: 2006-ի հոկտեմբերի 15-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն նրանք ստիպված են լինում ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսնյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձն, ու Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրին մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: 

Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում: 2006-ին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է Հայաստանի լավագույն երգչուհու կոչում: Նույն թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ: 2007-ին դեպքի առաջին տարելիցի առիթով թողարկվում է Վարդուհու հետմահու «Միայն դու» ձայնասկավառակը:

Վարդուհու ողբերգական մահից երեք տարի անց՝ 2009թ. հուլիսի 24-ին, կյանքից հեռանում է Վարդուհի Վարդանյանի ամուսինը՝ Արամը: Արամը լյարդի հիվանդություն ուներ, որն ավելի արագ տեմպերով զարգացավ երգչուհու մահից հետո: Արամին հուղարկավորեցին Վարդուհու կողքին՝ Թոխմախի գերեզմանատանը: Վարդուհու և Արամի որդուն՝ Ռուբենին, մեծացրեց Վարդուհու քույրը՝ Քրիստինան՝ իր ամուսնու հետ միասին: Այսօր Ռուբենն արդեն ուսանող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել