Ֆինանսների, Կենտրոնական բանկի ու Էկոնոմիկայի նախարարների՝ ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանների ընթացքում բազմիցս արծարծվում է ԵԱՏՄ-ում Հայաստանի օգուտների ու վնասների վերաբերյալ հարցը։ Բնականաբար, լրագրողները, կառավարության ընդդիմախոսները փորձում են համոզել, որ այդ միությանը անդամակցումը Հայաստանին ոչ մի օգուտ չի բերում, հակառակը՝ գնալով վիճակը ավելի է վատանում, սակայն կառավարության աշխատակազմը փորձում է համոզել հակառակում։ Օրինակ՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեկ ասաց, որ 2016 թվականին շուրջ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել Հայաստանին։ Ֆինանսներ նախարար Վարդան Արամյանը ուշադրություն հրավիրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի վրա, սակայն նաև ասաց, որ Հայաստանը սրանից պատվով դուրս եկավ ու թեպետ մոտակա տարիներին Հայաստանը շարունակելու է պարտք վերցնել (ինչը նշանակում է արտաքին պարքի զգալի աճ), այնուամենայնիվ, իրենք հստակ պատկերացնում են, թե ինչպես պետք է կարգավորեն տնտեսության առաջ ծառացած թվերը, որոնք հետագայում կբերեն պարտքի նվազման։ Բոլոր ռիսկերն ու հնարավոր կորուստները, ըստ Արամյանի, հաշվի են առնվել։ Սրանց վերաբերյալ մենք անընդհատ կարող ենք խոսել ու բանավիճել, սակայն հանրության բացասական արձագանքները կարող են կապված լինել իրենց միօրինակ կյանքում ավելի շատ որակական փոփոխություն չզգալու հետ։ ԵԱՏՄ անդամակցության պարագայում դեռևս ձևավորման փուլում գտնվող կառույցից միանգամից որակական փոփոխություն ակնկալելն, իհարկե, այդքան էլ խելամիտ չէ, բայց մի՞թե դա հետաքրքրում է շարքային քաղաքացուն։ Ահա սրանք պիտի հաշվի առնի ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելիս, սակայն դրա մասին հիմա խոսելը նույնպես տեղին չէ, քանի որ ԵԱՏՄ-ն արդեն անշրջելի փաստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել