Մի քանի օր առաջ ընկերներիս հետ կրկին այցելեցի Շիրակի մարզի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու միջնադարյան գոհարներից մեկը՝ հայրենասեր իշխան Վահրամ Պահլավունու կողմից 988-1029 թթ-ին կառուցված Մարմաշենի վանական համալիր: Պետք է նշեմ, որ այն ինչ տեսա, և՛ ցավ, և՛ ամոթանք պատճառեց ինձ: Սարսափած եմ, թե հայը որքան կարող է ոչ թե չսիրել, այլ ԱՏԵԼ իր պատմությունը և կրոնը:
Զբոսաշրջությանն առաջնային տեղ հատկացնող հայաստանյան իշխանավորները տարրական անտեսում են Մարմաշենի վանքը: Զարմանալի է, որ բազմաթիվ զբոսաշրջիկների Գյումրի բերող մեր տուրիստական գործակալությունները չեն բարձրաձայնում Մարմաշենի վանական համալիրի ողբերգության մասին:
Լենգես ավանից Մարմաշենի վանք տանող 2,4 կիլոմետրանոց ճանապարհն ավերված է: Այդ ճանապարհ կոչվածը խայտառակություն է: Բայց ամենազավեշտալին դեռ առջևում էր: Մարմաշենի շքեղ վանքը շրջապատված է սարսափելի անհրապույր «բեսեդկաներով», որոնք վարձակալությամբ են տրվում: Այսինքն՝ վանական համալիրի տարածքը հանգստյան գոտու է վերածված: Սեփականատերերն էլ տարբեր են: Բայց խնդիրն այն է, որ այդ «բեսեդկաներից» մի քանիսը գտնվում են վանական համալիրի մեջ մտնող եկեղեցիներին 5-10 մետր հեռավորության վրա: Հանգստացողներն ամենքն իր ճաշակով երաժշտություն է միացնում, պարում, երգում, ուտում, խմում և այլն: Ու այդ ամենը եկեղեցիների և նրանց կողքին գտնվող միջնադարյան գերեզմանոցից մի քանի մետր հետավորության վրա: Գերեզմանոցը, որտեղ թաղված են Վահրամ Պահլավունու կինն ու մայրը, խաղահրապարակ է երեխաների համար, որոնք մեր այցի ժամանակ ֆուտբոլ էին խաղում շիրմաքարերի վրա: Ոչ պակաս սարսափելի են վանական համալիրից մի փոքր հեռու՝ 50-80 մետրի վրա գտնվող «բեսեդկաները» ևս: Խորովածի, խաշլամի և այլ հոտերն ուղղակի վանում են մարդուն այդ տեղանքից: Պարելու և կիսամերկ շրջելու մասին էլ չեմ ասում: Ամոթից ուզում ես փախչել: Մինչդեռ Մարմաշենի վանական համալիրը կարելի էր դարձնել Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Իրականացնողն էլ պետք է լինի կառավարությունը, որը պետք է կանգնի մեր եկեղեցու կողքին:
Տեղում պարզեցի, որ վանական համալիրի ողջ տարածքը պատկանում է Վահրամաբերդ գյուղին, որի ղեկավարությունն էլ այդ տարածքները 25 տարի ժամկետով վարձակալության է տվել ֆիզիկական անձանց, որոնք էլ վանական համալիրը դարձրել են զվարճանքի, խրախճանքի վայր: ՀԱԵ-ի Շիրակի թեմն անզոր է սեփականատիրոջ և վարձակալների առաջ: Այստեղ պետք է պետական մոտեցում: Երբ իշխանություններին անհրաժեշտ էր օտարել Երևանի Արամի կամ Բյուզանդի փողոցների սեփականատերերի շինությունները և տները, դա շատ օպերատիվ կերպով կազմակերպվեց: Նույնը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար պետական գերակա շահի անվան տակ օտարված հողերը: Հիմա հարցը Մարմաշենի վանական համալիրի փրկությանն է վերաբերում: Կառավարությունը ՊԵՏՔ Է նույն մոտեցումը դրսևորի և գնի Վահրամաբերդի գյուղապետարանին պատկանող հողերը, այն տրամադրի Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին, որը համոզված եմ, շատ արագ կմաքրի տարածքը բոլոր անճոռնի և ապօրինի շինություններից: Զբոսաշրջության մասին բարձրաձայնող կառավարության անդամներն էլ ՊԵՏՔ Է վերանորոգեն վանք տանող 2, 4 կմ ճանապարհը և այն դարձնեն Շիրակի մարզի զբոսաշրջային կենտրոն:
Համոզված եմ, որ Մարմաշենի վանական համալիրը ոչնչով չի զիջի Գառնիին, Տաթևին, Գեղարդին, Նորավանքին, Սանահինին, Գոշավանքին, Հաղարծինին և այլ հոգևոր և զբոսաշրջային կենտրոններին: Չմոռանամ նշեմ, որ վանքից ոչ հեռու է գտնվում նաև Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը:
Զավեշտալին այն է, որ աթեիստական ԽՍՀՄ-ի տարիներին վանքը «պահապանվել է պետության կողմից», որի մասին վկայում է եկեղեցու պատին ամրացված և դեռ պահպանված ցուցանակը: Բայց անկախ Հայասատանում այն վերածվել է զվարճանքի վայրի:
Հ.Գ. Մի վտանգավոր տենդենց ևս նկատեցի: Վանքի գլխավոր եկեղեցուց 2-3 մետր հեռավորության վրա նորաթուխ հարուստներից մեկը խաչքար է բերել, դրել, որը կարող է «շղթայական բնույթ ընդունել» իր բոլոր բացասական հետևանքներով:
Հուսով եմ՝ գրառումս տեղ կհասնի, և համապատասխան կառույցները ուշադրություն կդարձնեն Մարմաշենի վանական համալիրին, որը, որքան էլ փայլուն է, այնքան էլ ողբերգալի վիճակում է:
Մեղադրում ենք թուրքերին և մյուս որոշ հարևաններին մեր եկեղեցիները քանդելու և պղծելու մեջ: Բայց մեր Հայրենիքում գրեթե նույն բանով ենք զբաղված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել