Հայաստանի կառավարությունը երկրում առկա խնդիրների հստակ ախտորոշում է իրականացրել և ծրագրով ներկայացրել է, թե ինչ քայլեր են արվելու դրանց լուծման ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի վերաբերյալ համաշխարհային բանկի զեկույցում խոսվում է գործարար ոչ բարենպաստ միջավայրի, մենաշնորհների մասին:

«Եթե դուք նայեք այն, ինչ ասում է Համաշխարհային բանկը և այն, ինչ է ասել կառավարությունը, երբ ներկայացնում էր իրավիճակի ախտորոշումը, կտեսնեք, որ կառավարության տված ախտորոշումն ավելի սուր է: Նույն բիզնեսի վերաբերյալ տրված գնահատականները կառավարության կողմից բավականաչափ սուր էին: Կառավարության ծրագիրը հստակ ունի հենց այդ տրամաբանությունը՝ նկարագրում է խոչընդոտը, որ կա և ասում է, թե ինչ ենք անելու»,- ընդգծեց Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ գործարար բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ են բարեփոխումներ նաև դատական համակարգում, ինչպես նաև հարկային և մաքսային վարչաչարության մեջ: Փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարության ծրագրում հստակ ներկայացված են նաև այդ ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել