Հայաստանի ունիկալությունը կայանում է նրանում, որ, ի տարբերություն Հետսովետական մնացած երկրների, այս երկիրը միակն է, որտեղ հանրության պատկերացումները պետական գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ հասցված են մինիմումի։ Ասել կուզեմ՝ տեսլական չկա։ Ու սա տեղի չի ունեցել մեկ օրում, ավելի շուտ՝ ձևավորվել է 25 տարվա քաղաքական իրողությունների հիման վրա։ Անցյալ տարի՝ Ապրլյան պատերազմի, հուլիսյան դեպքերի, դրան նախորդող՝ 2013-ի հայտնի մեկ գիշերվա ու 2015-ի «Ծառուկյան օպերացիայի» ժամանակ «Ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը» նախադասությունը եղել է լրատվականների, սոցիալական ցանցերի ու մամուլի առաջին էջերում։ Միջազգային պրակտիկայում երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումից հետո նախագահն անմիջապես կոչով դիմում է հանրությանը, ու այդ խոսքը կարող է էական դեր խաղալ տրամադրությունների զսպման համար, որովհետև մարդիկ խոսքի են սպասում, ու շատ ժամանակ դրանից է կախված նրանց հետագա վարքագիծը։ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն ինչքան էլ ցածր լիներ, Էմմանունել Մակրոնի հաղթանակի ամենամեծ գրավականներից մեկն էլ արդեն նախկին նախագահի աջակացությունը ստանալ էր, որովհետև այստեղ գործ ունենք ինստիտուտի, ոչ թե անձի հետ։

Դառնանք Հայաստանին։ Հիմա պատկերացրեք՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարում է հանրաքվե՝ ԵԱՏՄ, թե՞ Եվրամիություն։ Եվ Հայաստանի բնակչության 65 տոկոսը (եթե սխալ եմ, ուղղեք) համաձայնվում է ոչ միայն դառնալ ԵԱՏՄ անդամ, այլև Ռուսաստանի երկրամաս։ Եթե կասկածում եք սույն դիագնոզին, կարող եք շրջել Հայաստանի մարզերում, քաղաքներում, ինչպես նաև մոնիտորինգ անել, թե գերտերություններից և որ բևեռն է առավել ուժեղ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, ժողովրդական լեզվով ասած՝ վիզ դրել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ ամբողջ հայությունը ափալ-թափալ լցվեց Ստեփանակերտի հրապարակները, սահմանում թուրքերին թողած՝ հայ-հայ իրար էին մորթում, մինչդեռ գոյություն ունի պետության անվտանգությունը կազմակերպող մեկ մարմին՝ բանակ, որը լավ-վատ կատարում էր իր վրա դրված պարտականությունը և այլն։ Ու այս ֆոնին առանց այն էլ տարին 200 բառ խոսող Սերժ Սարգսյանը, ենթադրենք, կանգնում է ու ասում. «Սիրելի ժողովուրդ, անշուշտ, ձեր ընտրությունն էր միանալ Ռուասաստանին, որով որ դուք վերջ դրեցիք յաբախտի ձեռք բերած անկախությանը։ Սիրելի կամավորներ, անշուշտ, ստիպված եմ ձեզ գնդակահարել, որովհետև եթե հրաման չեմ տվել գնալ սահման, դուք այդ քանի՞ գլուխ ունեք, որ գնաք առաջնագիծ ու մայմունություն անեք։ Սիրելի Պավլիկ, 2008 թվականին, երբ ընտրատեղամասում ինձ համար դոշ էիր տալիս ու մարդ ծեծում, անշուշտ, այդ ժամանակ ես պետք է քեզ մեկուսացնեի ասպարեզից, որ այսօր-վաղը դու հանձն չառնես առանց այն էլ երկու ոտքից հիվանդ պետությանը անդամահատելու «ծանրագույն» գործընթացը»։ Դե, չի խոսում մարդը, լուռ վերցնում է դրանք իր վրա, խոսի՝ ի՞նչ անի, Լինչի դատաստանի ենթարկե՞ն։

Եվ հիմա, երբ Հայաստանում դեսպանների աննախադեպ ակտվիություն է նկատվում, ԱՄՆ դեսպանը սկսել է խոսել միլիարդների ներդրումների, այն էլ՝ որտեղ՝ էներգետիկ ոլորտում, Եվրամիության դեսպանը սկսել է խոսել Հայաստանի անկախությանը սպառնացող իրական պատվիրատուին փնտրելուց, Սարգսյանը նորից լռում է։ Լռում է ոչ թե նրա համար, որ ասելիք չկա, այլ նրա համար, որ, ցավոք սրտի, մեր երկրում այդպես էլ չձևավորվեց խոսելուց առաջ գոնե մեկ րոպե մտածելու ավանդույթը։ Փոխարենը մեծանում է Հայաստանի վրա կատարվող խաղադրույքը։ Ռազմավարական դաշնակցի աշխարհաքաղաքական հոգեվարքը 2018-ին մտնելու է ամփոփիչ փուլ, որից երևի թե կսկսվի անկախ Ռուսաստանի ամենամեծ դեպրեսիան (ընտրությունները ֆիկտիվ բնույթ են կրում, ավելի շատ համակարգի ճգնաժամ)։ Դեռ պարզ չէ ԱՄՆ-ի մետեցումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններին, սակայն միլիարդավոր գումարների մասին են խոսում, Սվիտալսկին չեղած տեղից յոթ միլիոն է քերում Հայաստանի համար ու անկախ Վահրամ Բաղդասարյանի բլթոցներից՝ հայտարարում, որ ամեն դեպքում քաղաքական համագործակցություն է ստորագրվելու... Անշուշտ, լուրջ կորուստ է Աշոտյանը, ով այսպիսի հարցերում կարողանում էր գոնե չնեղացնել դեսպաններին, սակայն ամպլուայի փոփոխությանը այլընտրանք չկար, իսկ կադրային սովը ստիպում է մնալ Բաղդասարյանների հույսին։ Սա, իհարկե, նոր ֆորս մաժոռի հավանակությունը ոչ միայն չի քչացնում, միգուցե ինչ-որ տեղ բարձրացնում է, բայց, ցավոք սրտի, այլ տրաբերակ էլ կարծես չի մնում։

Հ.Գ. Ժամանակին Վանո Սիրադեղյանն արդեն հետախուզման մեջ գտնվելու տարիներին ՀԺ-ի լրագրողի հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, հենց իր հանդեպ հետապնդումներ սկսվեցին, պատասխանել էր. «Է, հա բա ո՞ւմ հանդեպ սկսվեին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել