Այսօր վերջնականապես համոզվեցի, որ պետք է օրենսդրական փոփոխություն լինի, ու ցանկացած աշխատանքի անցնելու համար պարտադիր պայման լինի IQ թեստը ու նվազագույն 80-90 գնահատականը։

Աշխատանքային հարցով մտել եմ մի դեղատուն։ Ներկայանում եմ, ասում եմ՝ ինչ հարցով եմ եկել և ասում եմ, որ հավանաբար այդ հարցով պետք է զրուցեմ տնօրենի հետ, ճշտում եմ՝ ինչպես կարող եմ դա անել։ Վաճառողուհին ինձ մոտավորապես «Բայց ավելի լավա ամառ, քան ձմեռ» կամ «Ես այս տարի ծիրան չեմ կերել» կարգի պատասխան է տալիս։ Բացատրում եմ, որ ես վաճառքի մենեջեր չեմ ու պատվեր չենք գրելու։ Մի տասը րոպե իմ ասածը ավելի մանրամասն բացատրելուց հետո զանգում է տնօրենին ու նրան ասում է իմ ասածի հետ իմաստով կապ չունեցող ինչ-որ բան։ Նույն գործողությունն անում է 3 անգամ։ Ամեն անգամ ասում է, որ ավելի լավ կլինի 4-5-ի կողմերը գամ, հնարավոր է՝ տնօրենն այնտեղ լինի կամ էլ մոտ օրերս մտնեմ, էլի հնարավոր է՝ այնտեղ լինի։ Տնօրենի համարը ինձ տալ չէր կարելի, նույնիսկ չէր կարելի այդ վաճառողուհու հեռախոսով հարց տալ տնօրենին։ Մոտ 40 րոպեում այդ «ինտելեկտուալ» աշխատողի միջոցով մոտ 20 րոպե հեռախոսով խոսացող խիստ զբաղված նրա տնօրենից չկարողացա ճշտել՝ նրանք համագործակցում են մեր ընկերության հետ, թե ոչ։ Իսկ մեր ընկերության բրենդները հնարավոր չէ չճանաչել, քանի որ դրանք ամենահայտնիներն են աշխարհում։

Դրա համար էլ 15-20 քմ-ոց դեղատունը կիսադատարկ էր, ու հասկացա, թե ինձնից առաջ մտած հաճախորդը ինչու էր բարկացած դուրս գալիս իմ մտնելու պահին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել