Tert.am-ը գրում է.
Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային կառույցների մեկը մյուսի հետևից հնչող հայտարարությունները անկեղծ մտահոգություններ են, մենք ուրախ ենք, իսկ եթե դրանք քաղաքական խարդավանքներ են, դա մտահոգիչ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
 Նշենք, որ վերջին ժամանակներում միջազգային կառույցներն ակնհայտ դրսևորում են իրենց հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նախ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, ապա ՆԱՏՕ-ից եղավ մեկնաբանություն այն մասին, որ դաշինքի անդամներն անհանգստացած են տարածաշրջանում սպառազինության աճի մեծացմամբ, հետո ԱՄՆ պետդեպը արտահայտեց իր մտահոգությունը, իսկ այսօր էլ ՄԱԿ-ը խոսեց այն մասին, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները:
 «Եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի կողմից արտահայտվել են անկեղծ մտահոգություններ, և չկան քաղաքական ենթատեքստեր, ապա դա մեզ պետք է ուրախացնի, որ վերջապես աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Բայց ես ավելի շատ վտանգ եմ զգում այս ուշադրության կապակցությամբ, քան ուրախություն»,-ասաց Արզիկ Մխիթարյանը:
 ԼՂ ԱԺ պատգամավորը նկատեց, որ երկարատև լռությունից հետո Մինսկի խումբը կրկին «անատամ» հայտարարությամբ հանդես եկավ և խուսափեց կոնկրետ գնահատականներ հնչեցնելուց:

«Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս ակտիվացումը: Հուսանք, որ միջազգային այս կառույցների հայտարարություններն իրականում մտահոգություն են, ոչ թե քաղաքական խարդավանքներ»,- շեշտեց Ա. Մխիթարյանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ խարդավանքների մասին է խոսքը, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ բացառել չի կարելի, քանի որ միջազգային այս կառույցները երկար ժամանակ լռել են, երբ հակամարտությունն ավելի թեժ փուլերում է գտնվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել