Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը տպավորիչ է համարել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ դրա արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190 մլն դոլարի 25 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխգործակցությամբ և ճանապարհատրանսպորտային, էներգետիկ ոլորտներում, կապիտալի շուկայի զարգացման և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմամբ, մասնավոր հատվածի հետ ԱԶԲ-ի համագործակցության ընդլայնմամբ: «Մենք շատ բան ունենք փոխելու և բաց ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համար»,- շեշտել է վարչապետ Կարապետյանը:
Իր հերթին, Շոն Օ’Սուլիվանը գոհունակություն է հայտնել Հայաստանի տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ընթացքից և նշել, որ ներկա դրությամբ աշխատում են նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ն պատրաստ է նաև համագործակցել կրթության, կառավարման թվայնացման և այլ բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել