Այն, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն աստիճանաբար մոտենում է իր «վախճանին», համենայն դեպս այն ձևաչափով, որով այն գործում էր վերջին 3 տարիների ընթացքում, արդեն տեսանելի ապագայի հարց է:

Ինչն է հետաքրքիր՝ տառացիորեն ընդամենը մի քանի օրից 3 տարին բոլորող մերօրյա «խալիֆայության» անկումը զուգորդվում է նաև նրա կարևորագույն խորհրդանիշների «վախճանով»: Ընդամենն օրեր առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց ԻՊ-ի առաջնորդի՝ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի վնասազերծման մասին (ԻՊ-ի պարագլխի սպանության մասին նախկինում ևս մի քանի անգամ հայտարարվել է, և այս վերջին տեղեկատվությունը նույնպես դեռևս վերջնականապես չի հաստատվել), իսկ նախօրեին համացանցում ակտիվորեն տարածվեցին տեսանյութեր՝ ահաբեկչական խմբավորման համար բավականաչափ կարևոր Մոսուլի Ալ-Նուրի Մեծ մզկիթի պայթեցման վերաբերյալ: 
1172-1173թթ. Սելջուկյան սուլթանության հայտնի կառավարիչներից Նուր ալ-Դին ալ-Զինքիի կողմից կառուցված այս մզկիթում 2014 թ. հունիսի 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ ալ-Բաղդադին հայտարարել էր Իրաքի և Սիրիայի որոշ հատվածներում մերօրյա «խալիֆայության» հիմնադրման և դրա՝ «Իսլամական պետություն» անվանակոչման մասին՝ հայտարարելով նաև կառույցի բավական ամբիցիոզ տարածքային հավակնությունների մասին:

Այսուհանդերձ, պարզ էր, որ մերօրյա աշխարհում այդօրինակ կառույցները գոյության հնարավորություն չունեն, իսկ նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի շարք դերակատարների քաղաքական շահերով պայմանավորված ծայրահեղական կառույցի առժամանակյա հաջողություններն ընդամենը ժամանակի հարց են...

Գրառմանը կցված տեսանյությում Ալ-Նուրի մզկիթի պայթեցման գործողությունն է. ի դեպ՝ ԻՊ-ը պնդում է, որ Մեծ մզկիթը ոչնչացվել է ամերիկյան օդուժի ռմբահարման հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել