Panorama.am-ը գրում է.

Իսրայելի առողջապահության նախարարությունը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ:  Իսրայելական The Marker պարբերականի հաղորդմամբ՝ խոսքն այն բժիշկների մասին է, որոնք Իսրայելում աշխատում են արաբական թաղամասերում:

Ներկայացված բողոքում նշվում է, որ Իսրայելում կան մեծ թվով գործակալներ, որոնք քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են կրթություն ստանալ Հայաստանում: «Առաջարկվող «ծառայությունների փաթեթը» ներառում է կացարան և գրանցում տեղի համալսարանում. արժեքը 10 հազար եվրո»,- նշում է կայքը:

Հայաստան ժամանելով՝ իսրայելցի գործակալի միջնորդն ուսանողին օգնում է համալսարան ընդունվել: Հատկապես նշվում է, որ Հայաստանում իսրայելցի ուսանողների, ավելի վաղ ստացած գիտելիքները չեն ստուգվում, և նրանք ուսումն անմիջապես շարունակում են երկրորդ-երրորդ կուրսից:  Ուսման ավարտին նրանք ատամնաբույժի դիպլոմ են ստանում:

Ըստ աղբյուրի՝ հետագայում այդ նույն գործակալները  ուսանողներին օգնում են որոշակի գումարի դիմաց Իսրայելում հայկական դիպլոմներով արտոնագիր ստանալ, ինչը նրանց հնարավորություն է տալիս բժշկական գործունեություն ծավալել:

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար հավելյալ քննություններ անցկացնելու որոշման մասին, որի նպատակն է ամրապնդել նրանց գիտելիքները և որակավորման լիցենզիա տրամադրելը:

Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, սակայն ասացին, որ իրենք չեն մեկնաբանում: 

Panorama.am-ին մեկնաբանություն տրամադրեց Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու  Շուշան Դանիելյանը:

Մեզ հետ զրույցում մամուլի պատասխանատուն նշեց, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ հայ բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետև խոչընդոտների են հանդիպելու, չի վերաբերում բժշկական մայր բուհի շրջանավարտներին, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել