ԱԺ-ում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: Այն դրվեց քվեարկության եւ ընդունվեց: Նախքան այդ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ այսօր հավեսով կխոսի, թեև երեկ էլ է հավեսով խոսել:

Վարչապետը մասնավորապես անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից հնչեցված ելույթներին ու առաջարկություններին: Նա նշեց, որ հիմնական քննադատությունն այն էր, որ պարզ չէ, թե 2018 թվականին ով է լինելու վարչապետը, այդ պատճառով էլ չեն վստահում կառավարության ծրագրին:

«Կային առաջարկություններ գյուղատնտեսության և ալտերնատիվ էլեկտրաէներգիայի վերաբերյալ, դրանք արդեն ներառված են ծրագրի մեջ»,- ասաց Կարապետյանը, ապա նշեց, որ կար ելույթ տեղում դոփելու մասին, ինչի հետ ինքը համաձայն չէ: Վարչապետը կարծիք հայտնեց, որ կային էմոցիոնալ ելույթներ և կային առարկայական առաջարկություններ: Ըստ նրա` էմոցիոնալ ելույթ ունեցողներին մեկ հորդոր ունի՝ ճիշտ չէ:

Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, բայց արդարության համար պետք է նշեմ, որ այստեղ ևս կային էմոցիոնալ ելույթներ, որոնք անձնական կարծիքներ էին, այլ ոչ թե կառավարության ծրագրի մասին կարծիքներ»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա` կազմված է հաշվարկած ծրագիր: «Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն` հայ: Ծրագիրը երկիրը փոխելու է դեպի լավը»,- ընդգծեց Կարապետյանը:

Խոսելով կառավարության կազմի մասին` նա նշեց, որ իրենք իրականում բաց են: «Չափազանց շահագրգռված ենք, որ համատեղ աշխատենք: Կառավարության թիմն ունի աջակցության կարիք, որպեսզի իրագործենք այն, ինչ նախատեսել ենք»,- ասաց Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել