Հայաստանում բնակչության 70 տոկոսը ագրարային հասարակարգով է ապրում, մոտ 25 տոկոսը՝ ինդուստրիալ հասարակարգի կանոններով, 5 տոկոսը՝ պոստ-ինդուստրիալ, ու կա մարգինալների մի փոքրիկ շերտ, որը համամարդկային արժեքներով է փորձում առաջնորդվել: Ընդ որում՝ հոգեբանորեն առավել առողջ են հենց ագրարային շերտի ներկայացուցիչները, քանի որ իրենց առօրյան դիսոնանս չի առաջացնում շրջակա միջավայրի մշակույթի հետ: Մնացած բոլորը տարբեր մակարդակի ներքին կոնֆլիկտներ ունեն, քանի որ աշխատում են ինդուստրիալ կամ պոստ-ինդուստրիալ միջավայրում, բայց ապրում են մի հասարակությունում, որտեղ մշակույթը, բնականաբար, ձևավորում է բնակչության 70% կազմող ագրարային խավը: Այս կոգնիտիվ դիսոնանսը հնարավոր չի լինի հաղթահարել, քանի դեռ չեն գիտակցվել ու բացահայտվել դրա հիմքում ընկած գաղափարները:

Ֆինչերի «Ֆայթ քլաբ»-ում հիմնասյուն հանդիսացող կոնսյումերիզմը ոչ միայն ԱՄՆ, այլ առհասարակ պոստ-ինդուստրիալ քաղաքակրթություններին սահմանափակող հիմնական խոչընդոտն է: Իր ֆիլմում նա կանխագուշակում է, որ կոնսյումերիզմի վերացման հետ կվերանան մարդկությունը տարանջատող սահմանները, կհաստատվի համամարդկային հասարակարգ: Մինչ անխուսափելի այդ իրադարձությունը տեղի չի ունեցել, կոնսումերիզմն է լինելու մարդու վարքագիծը կառավարող հիմնական գործոնը, և դա ներարկվելու է կնատյացության, բռնության և ագահության կոճակներին սեղմելով: Սա բացահայտվել է, և այդ հասարակությունների «ճարտարապետները» հետևողականորեն իրենց գործը անում են թե՛ բռնության, թե՛ կնատյացության և թե՛ ագահության դեմ պայքարում: Նույն համասեռական ագիտացիան իրականում հենց կնատյացության և բռնության մշակույթի դեմ պայքարի անտիվիրուսն է, որն իրականում ոչ մի կերպ չի ազդում համասեռականների թվի աճի վրա, սակայն հավասարեցնում է խաղադաշտը ոչ միայն կանանց և տղամարդկանց համար, այլ նաև, օրինակ, տեստոստերոնի տարբեր մակարդակ ունեցող տղամարդկանց միջև: Տրամաբանությունը պարզ է՝ կոնսյումերիզմը սեփական թերարժեքության բարդույթները իրեր գնելով կոծկելու արդյունք է: Այն հասարակությունում, որտեղ բնածին տվյալներով պայմանավորված խտրականությունը նվազեցվում է, նվազում է նաև թերարժեք մարդկանց քանակը: Սիրունն ու գեշը, ուժեղն ու թույլը, ճարտարախոսն ու թոթովախոսը հավասարեցվում են:

Ինձ թվում է, որ մեր ագրարայնացման հիմնական հենասյունը «Ծովից ծով Հայաստանն» է: Այդ նարատիվն է թելադրում մշակութային նորաձևությունը՝ երգը, պարը, գրականությունը... Արդյունքում միջին վիճակագրական ՀՀ քաղաքացու մոտ ենթագիտակցական համոզմունք կա, որ սահմանում զոհվող զինվորը իր կյանքը տալիս է «փառահեղ հայ ազգի պայծառ ապագայի» համար, ոչ թե այդ քաղաքացու երեխայի՝ անվճար մանկապարտեզ այցելելու ու պատշաճ բուժվելու իրավունքի համար: Կնունք, ծնունդ, հարսանիք, թաղում, բարեկամ, քուչեցի, ընկերություն, շրջապատ, ախպոր ախպեր, հերոս, կույս, լավ տղա... Սոցիալիզացիայի այս բոլոր օղակները ցեղակրոնի և տրամաբանորեն «ծովից ծով»-ի կերտման մարտավարական մասնիկներն են:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ վատ գաղափար է «ծովից ծով»-ը... Ասեմ՝ վատը չի, բայց դա էական չէ: Խնդիրն այն է, որ քանի դեռ այդ հենասյունը կա, Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին է, ու կշարունակի լինել այսպիսին՝ ամենաշատը մի քանի տասնամյակ:
Ընտրելով Արթուր Դանիելյանին՝ դուք ընտրում եք սլովակիայոտ մի երկիր ունենալու հույսը: Հիմա իր հնարավորությունները էդ են, նա այդքանն է կարում, այն էլ՝ 30 տարում: Չեք ուզում՝ մի ընտրեք... Այ քեզ բան: «Ծովից ծով»-ի համար ընտրեք Նժդեհենց (այսինքն՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ԵԼՔ-ին, ՀՅԴ-ին կամ ՀԱԿ-ից բացի՝ մնացած բոլորին):

Հ.Գ. Հայաստանը «ագրարայինների» համար պիտի դառնա դժոխք: Սնունդը, ունիֆորման և գրենական պիտույքները նրանք ստանալու են տալոններով, քանի որ շինհրապարակներում նրանց ռոճիկ չեն տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել