«Գյումրու ավագանին այս օրե­րին վայելում է ամառային հանգիստը և մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի: Սակայն ավագանու ամենամեծ՝ «Բալասանյան դաշինք» խմբակցության ներսում, դատելով մեզ հասած լուրերից, իրավիճակն այնքան էլ հարթ չէ: Մինչ այժմ խմբակցությունը նիստեր էր հրավիրում և առանց քվո­րումի խնդրի հետ բախվելու, սահուն կազմակերպում իր աշխատանքը: Ավագանու մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու ՀՎԿ-ն, անցած 9 ամիսների ընթացքում բոյկոտում էին ավագանու աշխատանքները, սակայն վերջին նիստը բացառություն դարձավ՝ ՀՎԿ-ն, ի դեմս ավագանու իր չորս ան­դամների, դադարեցրեց բոյկոտն ու ստանձնեց ավագանու պարտակա­նությունների կատարումը: Այս հան­գամանքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ընդհուպ՝ ՀՎԿ-ականները մեղադրվեցին քաղա­քապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից «գնվելու» և 300 հազար դրամ աշխատավարձի դիմաց նիստերին իրենց ներկայությունն ապահովելու մեջ: Բայց փաստը, թե ինչու քաղաքա­պետը «թեթևացավ» ու ՀՎԿ-ին բոյկոտը դադարեցնելու առաջարկ արեց այն դեպքում, երբ քվորումի խնդիր նրան աջակցող ավագանին չուներ, մնում է անհասկանալի:

Այս քայլի վրա որոշ լույս սփռեց հենց նույն ՀՎԿ-ն՝ ի դեմս խմբակցու­թյան անդամ Հասմիկ Եղիազարյանի, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Առա­ջարկվել է մասնակցել ավագանու նիստերին, որովհետև այնտեղ նիս­տին խժդժուկներ են եղել, և վտանգ է զգացել  քաղաքապետը, որ կարող է «Բարգավաճից» անցած ավագանու անդամները, որոնք այսօր «Բալասանյան դաշինքում» են, չմասնակցեն ավագանու նիստերին: Այդ դեպքում 17 թիվը՝ քվորումը, չէր ապահովվի, և ավագանին չէր կարողանա աշխա­տել: Դրա համար, ինձ չի եղել անձամբ, բայց մեր խմբակցության անդամներից երկուսին առաջարկել են գնան ավա­գանու նիստին: Մեզ հասած տեղեկու­թյուններով, Բալասանյան Սամվելը մտավախություն ունի, որ «Բալասանյան դաշինքով» անցած ավագա­նիներից ոմանք կարող են չմասնակցել նիստերին»: Եղիազարյանը, սակայն, չնշեց, թե ովքեր են այդ՝ «Բարգավա­ճից» «Բալասանյան դաշինք» խմբակ­ցության միջոցով ավագանու անդամ դարձած անձինք և այդ ինչ «խժդժուկների» մասին է խոսքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել