Tert.am-ը գրում է.
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի և Հայաստանի իշխանությունների միջև մեկնարկած հեռակա բանավեճը հետևանքներ չի ունենա: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ բանավեճն անցյալում է և պետք է նայել ապագա:

«Կար մի հարց, որի շուրջ յուրաքանչյուր կողմն ունեցավ իր տեսակետները, որոնց արտահայտման հարցում գուցե չօգտագործվեցին դիվանագիտական տերմիններ: Որևէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում»,- ասաց Ս. Նիկոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, թե ՀՀ ԿԸՀ-ն պետք է դարձնել արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց, ասել էր, որ ԿԸՀ կազմը պետք է փոխվի: Ինչից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ դեսպանն, այսպիսով, միջամտում է Հայաստանի ներքին խնդիրներից: Իշխանությունների արձագանքին հետևեց Սվիտալսկու կոշտ արձագանքը: Դեսպանը շեշտել էր, որ եթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, իրենք չեն պարտադրի իրենց ներկայությունը:
Սամվել Նիկոյանը նշեց, որ Հայաստանում լավ են հասկանում, շնորհակալությամբ են ընդունում այն հանգամանքը, որ Եվրամիությունը օժանդակություն ցուցաբերեց ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների կազմակերպման հարցում:

«Այն հաջողությունները, որոնք մենք գրանցեցինք, նաև իրենց օժանդակության հաշվին էր: Կարծում եմ, որ մեր արևմտյան գործընկերներն իրենց արտահայտությունները կատարելիս, հավանաբար, ոչ թե ուղիղ ցուցումներով կխոսեն կառավարության հետ, այլ՝ բարի ցանկությունների տեսքով, ինչը ես կոչում եմ դիվանագիտական լեքսիկոն»,- նշեց  ՀՀԿ-ական պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել