Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խոսքով՝ ինքը դեռ բավարարված չէ Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացից, քանի որ Արամ Աթեշյանը դեռևս չի հրաժարվել պատրիարքի փոխանորդի իր աթոռից, որպեսզի պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացն սկսվի: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ սպասում է դրան, հիմա կասկածում է, որ Արամ Աթեշյանը փորձում է իրավիճակից օգուտներ քաղել:

«Կան մի քանի թեկնածուներ, բնական թեկնածուների թիվը մոտ հինգն է: Նրանցից մեկը Հայաստանից է՝ Սեպուհ Չուլջյանը:  Մենք պետք է դեռ սպասենք, թե այդ բնական թեկնածուներից որոնք կառաջադրվեն ընտրություններին, հետո արդեն կտեսնենք, թե նրանք ինչ են առաջարկում համայնքին: Ըստ այդմ` ես կմտածեմ, թե ում եմ աջակցելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որով իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: 
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը: 
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին հայտնել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, ինչից հետո արքեպիսկոպոս Բեքչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները: 
Կարո Փայլանի խոսքով՝ Պոլսո պատրիարքը պետք է կարողանա ներկայացնել Թուրքիայի հայ համայնքն ամբողջ աշխարհին: «Ես կարծում եմ, որ Արամ Աթեշյանը դա չի արել վերջին տարիների ընթացքում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել