Panorama.am-ը գրում է.
«Գյուղատնտեսության ոլորտում շատ խնդիրներ ունենք, ինչն ապացուցեցին նաև այսօր այստեղ բարձրացված հարցերը՝ կապված բնակլիմայական աղետների հետ»,- Ազգային ժողովում կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով, կառավարության բոլոր անդամները և գերատեսչությունները մտահոգված են այդ հարցերով, կներկայացնեն  խնդիրների լուծումներ:

Նախարարն ասաց, որ չնայած այդ խնդիրներին, կան նաև շատ դրական ազդակներ. «Ունենք խոշոր ընկերություններ, որոնք գյուղատնտեսության ոլորտում կատարում են զգալի ֆինանսական ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում, հաջողություններ են գրանցում թե արտադրության ոլորտում, թե արտահանման մեջ»:

Ի. Առաքելյանի ներկայացմամբ, կառավարության նոր ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը իրականացնելու է աշխատանքներ, պայմաններ է ստեղծելու, որպեսզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները ևս զարգանան ու եկամուտներ ապահովեն:

«Գյուղատնտեսության ոլորտում կենտրոնանալու ենք ոլորտի ներդրումների ապահովագրության, արդյունավետության բարձրացման, ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառման, ժամանակակից ֆերմերային  տնտեսությունների զարգացման վրա»,- նշեց նախարարը՝ թվարկելով այն ծրագրերը, որոնք իրականացնելու են նշված թիրախներին հասնելու համար:

Նա ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում սկսելու են իրականացնել աշխարհագրական թվայնացման համակարգի ներդրման ծրագիրը, առանցքային է գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրը, ստեղծվելու է գյուղատնտեսական նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի կայան:

«Ներկայում գյուղացիական տնտեսությունների համար արդիական է մնում արտադրած գյումթերքի իրացումը և վերամշակողների կողմից ֆինանսական  պարտավորությունների ժամանակին կատարումը: Նախարարությունը  մշակել է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման  ոլորտին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիր: Վերամշակողներին կտրամադրվի մատչելի տոկոսով վարկեր, որոնք պետք է նպատակուղղվեն բացառապես  մթերվող գյուղատնտեսական հումքի  արժեքի վճարմանը: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն կստեղծի կարճ ժամկետում ստանալ իրացված հումքի արժեքը»,- նշեց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել