Asekose.am-ը գրում է.

«Փառք աստծո, Վարդուհին հիմա շատ լավ վիճակում է գտնվում: Մոտ 2-3 շաբաթ առաջ նրան տարել էինք բժշկի, ով նրան հետազոտելուց հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, ուղղակի պետք են մերսման աշխատանքներ»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Վարդուհի Գրիգորյանի ամուսինը` Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վարդուհին գլխուղեղի կաթված էր տարել և տեղափոխվել հիվանդանոց: Թեև սկզբում երգչուհին տեղաշարժվելու և խոսելու հետ կապված խնդիրներ ուներ,  սակայն ամուսնու խոսքով` այդ խնդիրներն այլևս անցյալում են:

«Միայն աջ ձեռքն է դժվարությամբ շարժում, քանի որ ամբողջությամբ աջ կողմը թուլացել էր: Ճիշտ է՝ մատների արանքում թուլություն կա, սակայն ձեռքը կարողանում է շարժել, իսկ մերսումների շնորհիվ որոշ ժամանակ անց կկարողանա ձախ ձեռքի նման շարժել:Կարևորն այն է, որ նյարդերը, ջիղերը լավ վիճակում են գտնվում: Բայց նա հիմա ինքնուրույն քայլում է, խոսքն էլ  ամբողջությամբ վերականգնվել է. երգում է, անգամ 2 օր առաջ հարսանիքի էինք մասնակցում, որի ժամանակ Վարդուհին երգեց»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհու ամուսինը:

Վերջինս փաստեց, որ կինը կարողացել է շատ կարճ ժամանակում վերականգնվել` չնայած նրան, որ սկզբում բավական վատ վիճակում էր գտնվում:

«Սկզբում բժիշկներն այլ բան էին մտածում, սակայն կարճ ժամանակում ամեն ինչ կարգավորվեց, կնոջս առողջությունը վերականգնվեց, շատ լավ առաջընթաց կա, իսկ ձեռքի թուլությունը շատ կարճ ժամանակում կանցնի, ու նա կդառնա նույն Վարդուհին, որը կար մինչև այդ դեպքը: Երբ Վարդուհուն հիվանդանոց էինք տեղափոխել, նա, իրոք, շատ վատ վիճակում էր, բժիշկները ոչինչ չէին կարողանում ասել: Հիվանդության 6 ամիսը սուր վիճակ է կոչվում, մարդը 2 տարվա մեջ սկսում է քայլել, բայց Վարդուհին մոտ 4 ամիս անց արդեն լավ խոսում է, կարողանում է լավ քայլել: Ես իսկապես հրաշք եմ համարում սա, հրաշք, որը տեղի ունեցավ բժիշկների միջամտությամբ: Բժիշկները մինչև հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր նման բան պատահել, ինչից կարող էր նման բան լինել կնոջս հետ, մանավանդ որ բոլորն էլ գիտեն, թե նա ինչքան ակտիվ մարդ է իր տեսակով»,- պատմեց մեր զրուցակիցը:

Image may contain: 2 people, people standing, wedding and outdoor

Անդրադառնալով իրենց փոքրիկի արձագանքին՝ կապված մոր՝ սկզբնական շրջանում շարժողական խնդիրներ ունենալու փաստի հետ, Գագիկը նշեց.

«Սկզբից չեմ կենտրոնացել փոքրիկիս արձագանքի վրա, քանի որ ամեն ինչ շատ խառն էր: Իսկ հիմա ինքն էլ է կրկնում մերսողի գործողությունները և փորձում է օգնել մայրիկին»:

Այն դիտարկմանը` թե ե՞րբ Վարդուհին կվերադառնա եթեր, Գագիկը նշեց, որ դա կլինի շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել