Tert.am-ը գրում է.
Կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել կրթական համակարգում: Մասնավորապես, նախատեսվում է նոր մանկապարտեզներ բացել, ավագ դպրոցներում ներդնել կրեդիտային համակարգ և ավելացնել ուշադրությունը բնագիտական առարկաների ուղղությամբ: Ծրագրի դրույթների մասով Tert.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

- Ըստ ՀՀ կառավարության ծրագրի՝ առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովմանը: 2018 թվականից սկսած պետք է ներդրվի նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին: Ազգային փոքրամասնությունների և գյուղերի մասով կա՞ մանկապարտեզներ հաճախելու խնդիր:

- Ընդհանրապես, մենք կառավարության ծրագրում փորձել ենք ամբողջացնել մեր կրթական բարեփոխումները 5 տարվա կտրվածքով, բայց, իհարկե, յուրաքանչյուր կետի մեջ ունենք 10-15 տարվա զարգացման հեռանկար: Եթե ուշադրություն եք դարձնում, ամենակարևորն այն է, որ կրթությունը դիտվում է իր ամբողջության մեջ և մի ուղղության բարեփոխումը պայմանավորված է մյուսով:

Իհարկե, գիտեք, որ մենք առայժմ փորձում ենք նախակրթարանների մեծ տարածում անել, բայց նախակրթարանները 5 տարեկանից են: Իսկ ընդհանրապես, մանկապարտեզների մասով կարիք ունենք լուրջ ձեռք բերումների, այն իմաստով, որ բնակչության մեծ հատվածը հնարավորություն չունի իր երեխաներին մանկապարտեզ տանել: Ազգային փոքրամասնությունների կողմից կան բավականին լուրջ առաջարկներ՝ ձևավորելու նախակրթական հաստատություններ: Երկրորդը՝ մենք պետք է վերանայենք նախադպրոցական կրթության չափանիշները և չափորոշիչները: Այն ավելորդ խիստ չափորոշիչները, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնելու, դրանք բեռնաթափենք, բայց նաև կոնկրետ նախադպրոցական կրթությունից ունենանք մասնագիտական պահանջներ՝ և՛ սննդի, և՛ ծրագրերի, և՛ դաստիարակներին ներկայացվող պահանջների իմաստով:

-Նախատեսվո՞ւմ են նոր մանկապարտեզներ բացել:

-Նոր մանկապարտեզների կարիք կա և պետք է համայնքներին ուժ տալ, որպեսզի ձևավորեն, որովհետև ներգրավվածությունը բավականին թույլ է այդ իմաստով:
-2018 թվականից փորձնական ծրագրի շրջանակներում միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ: Սա աշակերտներին ի՞նչ է տալու:

-Տեսեք, մենք խոսում ենք կրթակարգի մասին: Կրթակարգը իջնելու է ներքև, բեռնաթափվելու են առարկաները և փորձելու ենք 10-րդ դասարանի վերջով հիմնական առարկաները ամփոփել, ապա 11 և 12-րդ դասարանները նախագծային կրթության տարբերակով պետք է առաջ գնան: Իսկ նախագծային կրթությունը ենթադրում է, որ աշակերտն ընտրելու է իր ուղղությունը, նա կկարողանա այդ ուղղությամբ կրեդիտներ կուտակել և եթե այդ կրեդիտները մենք համարժեքացնենք համալսարանականի հետ, կկարողանան այդ կրեդիտները տեղափոխել համալսարան:

- Դպրոցների կառավարման համակարգի վերափոխման նպատակով նախատեսում է  նաև հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր համակարգ ներդնել: Սա ի՞նչ է ենթադրում, ո՞րն է լինելու հիմնական փոփոխությունը:

-Մենք մտածում ենք, ճիշտ կլինի, որ ուսուցչի նվազագույն բազային աշխատավարձ ֆիքսվի և այն կախված չլինի միայն աշակերտների թվից: Այսօր նույն ուսուցիչը նույն դրույքով, նույն ծանրաբեռնվածությամբ աշխատում է, բայց մի տեղ մի վճար է ստանում, մեկ այլ տեղ՝ այլ: Եվ այդ նվազագույնի վրա նոր ավելանալու են կոմպոնենտներն ըստ աշակերտների, սահմանային դպրոցների և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել