Կատարի Qatar Airways ավիաընկերությունն աշխարհում լավագույնն է ճանաչվել Skytrax 2017 World Airline Awards հեղինակավոր մրցանակի շրջանակներում:

Միջազգային վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Սինգապուրի Singapore Airlines ազգային ավիաընկերությունը: Եռյակը եզրափակում է ճապոնական All Nippon Airways-ը: Չորրորդ և հինգերորդ դիրքերը բաժին են հասել համապատասխանաբար Emirates-ին (ԱՄԷ, Դուբայ) և Cathay Pacific-ին (ՉԺՀ, Հոնկոնգ):

Թոփ-10-ի երկրորդ կեսում տեղ են գտել թայվանյան EVA Air փոխադրողը, գերմանական Lufthansa-ն, Etihad Airways-ը՝ ԱՄԷ-ից, չինական Hainan Airlines ընկերությունը և Garuda Indonesia-ն՝ Ինդոնեզիայից:

Վարկանիշը կազմելու համար 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանում հարցում է արվել գրեթե 20 մլն մարդու 105 երկրներից: Ընդ որում հետազոտվել է 300-ից ավելի ավիաընկերությունների աշխատանքը:

Skytrax բրիտանական հետազոտական ընկերության կողմից ավիաընկերությունների և օդանավակայանների համար սահմանված պարգևները համարվում են ավիաինդուստրիայի գլխավոր մրցանակը: Փոխադրողները գնահատվում են ուղևորների հարցումների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել