Tert.am-ը գրում է.
Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանի մեղադրանքը մեղմացվել է: Մեղադրանքի փոփոխության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանի հետ:

 -Պարո՛ն Աղաջանյան, Ձեր պաշտպանյալի մեղադրանքի փոփոխությունն ինչով է պայմանավորված:

-Նախաքննության մարմինը որևէ ապացույց չկարողացավ ձեռք բերել, որ  մաքսանենգ ճանապարհով զինամթերք է տեղափոխվել Հայաստան:  Այդ պատճառով մեղադրանքը մեղմացվել է, փոփոխություն է կատարվել և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել է: Մնացել է 235-րդ հոդվածի  2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

- Փաստորեն, Ձեր պաշտպանյալն այլևս չի՞ մեղադրվում մաքսանենգ ճանապարհով զինատեսակ տեղափոխելու մեջ: Հայաստան մաքսանենգ ճանապարհով «Իգլա» չի՞ տեղափոխվել:

-Այո, փաստորեն մաքսանենգ ճանապարհով «Իգլա» չի բերվել:
-Պարո՛ն Աղաջանյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ մեղադրանքը կմեղմացվի:

-Պաշտպանական կողմը համոզված էր, որ ներկրում չի եղել: Իմ պաշտպանյալը  վստահ է եղել, որ իրեն ներկայացված լուսանկարն արված է եղել Հայաստանից դուրս, սակայն պարզվեց, որ զինատեսակի լուսանկարն արվել է Հայաստանում: Լուսանկարը ներկայացվել է որպես դրսում արված, որպեսզի իմ պաշտպանյալից գումար վերցնեն, որովհետև նա պատրաստ է եղել բանակի համար զինամթերք գնելու: Պարզվել է, որ երկրի ներսում արված նկար է, և պիտանի չէ, ինչից հետո իմ պաշտպանյալը հրաժարվել է զինամթերքը ձեռք բերելուց:

-Այդ դեպքում, երբ հրաժարվել է, ինչո՞ւ է մեղադրանքի՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու մասը, այսինքն՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասը մնացել ուժի մեջ, եթե նա զինամթերքը չի գնել, ի՞նչն է պահել այդ դեպքում, եթե չունի:

-Համամիտ եմ դիտարկման հետ: Դրա համար իմ պաշտպանյալն ասում է, որ մասնակի է ընդունում մեղադրանքը, որ կապ է ունեցել մարդկանց հետ, ովքեր իրեն նման առաջարկներ են ներկայացրել: Նա նկարագրական մասով է մասնակիորեն ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իրավական առումով ես բացատրել եմ, որ ինքը մեղավոր չէ: Իր մեղքն իմ պաշտպանյալը տեսնում է նրանում, որ գործարքի մեջ է մտել որոշ անձանց հետ:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել