Սերոբ Անտինյանն աշխատում է Մշակույթի նախարարությունում։ Բուն մասնագիտությունից բացի ունի շատ այլ հետաքրքրություններ։ Նրա նախասիրություններից մեկը խոհանոցն է։ Սիրում է ազատ ժամանակ պատրաստել տարբեր ուտեստներ և հյուրասիրել հարազատներին ու ընկերներին։ Հունիսի 17–ին Սերոբը Լոֆթում ֆրանսիական մթնոլորտ էր ստեղծել։ Նա իր ընկերներին հրավիրել էր համտեսելու ֆրանսիական խոհանոցից մի ուտեստ, որը զուգակցվում էր ֆրանսիական երաժշտությամբ։ Ուտեստը կոչվում է Escargots de bourgogne («Խխունջներ բուրգունդական ձևով»)։

 BlogNews.am–ի հետ զրույցում նա պատմեց, որը ուտեստի ընտրությունը պատահական չէ ընտրված։ Այն ունի նախապատմություն և մի քանի հաջող փորձն էր, որ դրդեց նրան ևս մեկ անգամ պատրաստել դա։

 

«Մի անձրևային օր հայրս իր աշխատավայրի մոտի այգուց հավաքել էր մեծ խաղողի խխունջներ։ Իմանալով իմ նախասիրությունների մասին` առաջարկեց պատրաստել դրանք։ Բնականաբար, ես համպատրաստ էի` խխունջները պատրաստելու համար։ Ինձ չկորցրեցի ու համացանցից կարողացա գտնել բաղադրատոմս։ Առաջին իսկ պատահած բաղադրատոմսով, որի բաղադրիչները մեզ հասանելի էին, սկսեցի պատրաստել։ Իրականում, այս ուտեստը աշխատատար է։  Մոտ 8–ից 10 օր պետք է խխունջներին պահես առանձին տարայի մեջ, որպեսզի իրենց միջից դուրս գա այդ խոտային սնունդը, որով իրենք սնվել են։ Հնարավոր է նրանք թունավոր խոտեր էլ կերած լինեն, դրա համար ժամանակատար այդ գործընթացը պարտադիր է։ Երբ այն պատրաստման ենթակա է լինում անհրաժեշտ է հեռացնել խխունջից լորձը աղի միջոցով, հետո ջրով լավ լվանալուց հետո միսն առանձնացնել խեցուց և եփել։ Խեցին մշակելուց հետո կարագով, սխտորով պաստայի հետ լցոնում ես եփված միսը և վերջում դնում ջեռոցը։ Երբ առաջին անգամ պատրաստեցի խխունջները, տան անդամները շատ զգուշ ու հոռետեսաբար էին տրամադրված։ Բայց ես հավատում էի արդյունքին։ Համտեսելուց հետո նրանք շատ գոհ էին»,– ասաց Սերոբը։

 Վերջինս նշեց, որ ընկերների համար մեկ անգամ ևս պատրաստել էր խխունջներով ուտեստը։ «Երկու տարի առաջ նման միջոցառում իրականացրել էի, բայց ավելի քիչ մարդկանց շրջապատում։ Նախորդ միջոցառման տպավորություններով, հիշողություններով որոշեցի կրկնել։ Այս անգամ ավելի ընդգրկուն կազմով»,– ավելացրեց նա։

 Սերոբը նկատեց, որ այն, ինչ սիրով ես պատրաստում համեղ է ստացվում։ Թերևս, դա է իր պատրաստած ուտեստների համեղ բաղադրատոմսի գաղտնիքը։ «Նախ պետք է կարողանաս բաղադրիչները ճիշտ համակցել, հետո ճիշտ մատուցել։ Կարծում եմ, մթնոլորտը շատ կարևոր է»,– նշեց Սերոբը։

 Վերջինս խորհուրդ տվեց, որ խխունջները համտեսեն սպիտակ գինու հետ։ «Հաշվի առնելով, որ խխունջը նուրբ համ ունի, նախընտրելի է սպիտակ գինի խմել»,– եզրափակեց Սերոբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել