Ինձ կներեք, ես մահացա: Սպանեցի՞ն, թե՞ զոհվեցի, երկրորդական են, գոնե մորս համար, կամ ինծ ճանաչողների, որոնց համար կարեւորն այն է, որ ես մահացա: Վիճակագիրների համար ասեմ՝ թշնամու արձակած կրակոցից, այն 1500-ներից մեկից, որոնք ամեն շաբաթ արձակում է թշնամին՝ մի քանի հարյուր անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, որի շուրջ, ի դեպ, մենք տղերքով ամեն գիշեր ծիծաղում էինք, նկատի ունեմ՝ ռեժիմի՝ հրադադարի:
Բայց ներողութուն եմ խնդրում, ոչ թե մահիս համար, մանավանդ, որ այն զոհվել է, մանավանդ, որ մենք բոլորս զոհվողին երանի են տալիս ու մի տեսակ հայրենասիրության վերին մակարդակ ենք համարում, այլ ներեցեք ինձ, որ ես զոհվել եմ հանուն հայրենիքի՝ առանց մեկ անգամ կարդալու Թումանյան, Չարենց, էլ չեմ խոսում Նարեկացու մասին: Չեմ էլ մտածել կարդալու մասին, մի գիրք էի կարդացել, բայց այն հայրենիքի մասին չէր: Ինձ համար հայրենիքը Արարատի պես լուսապսակ գագաթն էլ չէ, ոչ էլ անգամ Դսեղ գյուղի սար ու ձորերը: Կներեք, բայց ինձ համար հայրենիքը փոքրիկ բան է, ավելի փոքր, քան մնացել է մեր մեծ հայրենիքից, որն իմ տպավորությամբ՝ ոչ ոք չի տեսել, պարզապես բոլորը երազում են այն ունենալ: Ինձ համար հայրենիքը մեր բակն էլ չէ, ոչ էլ այնտեղ կանգնած ծառերը, ոչ էլ անգամ այնտեղ հերթ կանգնած մարդիկ, որոնք ամեն կիրակի նստում էին հարմարավետ միկրոավստուբուսները ու գնում, սկզբից գիտեի՝ Կրասնոդար, հետո իմացա, որ Կրասնոդարը Ռուսաստանում է: Հայրենիքն ինձ համար ապրելն էր, որից զրկվեցի, դուք ասում եք՝ հանուն հայրնեիքի, ու ես համաձայնվում եմ, քանի որ ի տարբերություն ինձ, դուք շատ եք կարդացել:
Հետս էլի լիքը տղերք կան, իմ տարիքի, ինձանից մեծ, այստեղ էլ հավաքվում ենք, խմում ենք, երբեմն մտածում ենք, որ այստեղ ավելի շատ ենք, քան այդտեղ: Բայց նման դեպքերում միշտ հայտնվում է մի կարդացած տղա ու ասում է, որ իրականում այդպես չէ, իրականում այդտեղ ավելի շատ եք, հենց հակառակը լինի՝ այդտեղն էլ չի լինի: Ու խմում են, հոտընկայս, առանց չխկացնելու, ինչպես դուք, ինչպես այդտեղ: Չենք մոռանում հերոսների կենացը, միմյանց ենք ցուցադրում մեր՝ հետմահու ստացած շքանշաններն ու խմում ենք այս պահին այդտեղ կանգնած տղերքի կենացը: Հերոսը նրանք են, հերոսությունն ապրելն է, քանի որ ոչ բոլորը կարող են ապրել, մինչդեռ՝ բոլորն են մեռնում:
Հետո լռում ենք, ամեն մեկը գնում է իր հայրենիք, նստում իր սիրելի ծառի տակ, նայում իր սիրած մարդկանց, որոնք այնպես են արտասվում, կարծես իրենք անմահ են, ու՝ ով երգել գիտի՝ երգում է, ով ոտանավոր գիտի՝ արտասանում է, ով լռել գիտի՝ լռում է...Այդ առումով, ի դեպ, այստեղ ավելի լավ է, ով ինչ գիտի՝ անում է:
Ավելի երիտասարդներով, ինչպես այդտեղ եք ասում՝ 20-ամյա տղերքով, ավելի հաճախ ենք հանդիպում, իմիջիայլոց, կողքի սենյակում էլ ադրբեջանցիներն են հավաքվում, նույն տարիքի: Ավելի շատ, կամ ավելի քիչ, օրը գիտի: Մենք նրանց ենք լսում ու չենք հասկանում, նրանք էլ մեզ են լսում ու չեն հասկանում: Միջանցքներում հանդիպում էլ ենք, չանհանգստանաք. այստեղ զենք չի կարելի, լուրջ ստուգում են, նախքան այստեղ թողնելը: Տղերքից մեկը զենք էր բերել հետը, հսկիչներից մեկն այն վերցրեց, հետո իմացանք, որ այդ տղան գիշերը եղբայր է ունեցել, որին իր անունն են տվել, հսկիչն էլ զենքը դրել էր նրա բարձի տակ...Դուք պետք է տեսնեիք այդ տղայի դեմքը, երբ սա իմացավ. տղամարդիկ, գոնե իսկականները, չեն սիրում, երբ իրենց վրեժը փաթաթում են մեկ ուրիշի վրա, անգամ, եթե այդ ուրիշն իրենց անունով իրենց եղբայրն է: Վրեժը մեռնում է այն կրող մարդու հետ, հաճախ իհարկե, չի մեռնում, բայց դրա պատճառով էլ՝ մարդիկ են մեռնում:
Քիչ առաջ տանն էի, էլի լացում էին, բնավորություն է դարձել այդ՝ լացելը: Այլընտրանքը չկա ուղղակի, առաջ գոնե Շուշին էին ազատագրում, ու լացողները նաեւ ուրախանալու առիթներ էին ունենում, հիմա այդ առիթները չկան, առաջ գնալ չի կարելի, առաջինը կրակել՝ չի կարելի, մեռնել՝ չի կարելի, բայց դրանից հետո պարգեւատրում են, մոռանալով, որ մահը չէ, որ պարգեւատրելու է արժան, այլ մահին պատրաստ լինելը...Այստեղ էլ իմ տունն ունեմ, դռան վրա, մեծ, կարմիր տառերով գրել եմ՝ Կակաչ. այն վերջինն էր, որ տեսա այդտեղ, բավականին մոտիկից, հենց դեմքիս վրա: Հետո ոչինչ չեմ հիշում, հիշում եմ միայն այն, որ զարթնեցի ու ինձ ասացին, որ ես հերոսաբար զոհվել եմ՝ հանուն հայրենիքի, ու հիմա մայրս լալիս է ինձ համար: Այն աղջկա մասին ոչինչ չասացին, քանի որ ես նրա նկատմամբ զգացմունքներս գաղտնի եմ պահել, փաստորեն նաև այստեղից:
Հետո ասացին, որ եթե բան ունեմ՝ ասելու մորս, կարող եմ ասել, իրենք կփոխանցեն՝ երազի սուրհանդակների միջոցով: Դեռ չեմ ասել, մինչեւ հիմա մտածում եմ. ի՞նչ ասել, ինչո՞ւ ասել, զոհվելն արդեն իսկ ասել է՝ նաև մորը, մանավանդ մորը:
Վաղն առավոտյան մեզ տանելու են աղավնի ընտրելու: Այստեղ յուրաքանչյուրը պետք է ունենա առնվազն երկու աղավնի: Չանհանգստանաս մամ, անվճար են տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել