Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովն այսօր Ստեփանակերտում իր ամփոփիչ նիստում քվեարկությամբ որպես հիմք ընդունեց եզրափակիչ բանաձեւի մի նախագիծ, որում մասնավորապես կարեւորվում է հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործման գործընթացը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը, քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը, հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում, հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը, հայկական պետություններում տնտեսության շարունակական ազատականացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նպատակային սոցիալական արդարության քաղաքականությունը»: Այս հաստատումներից հետո բանաձեւի նախագծում ասվում է. 1. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: 2. Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են: 3. Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորման հնարավորությունը: 4. Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման անհրաժեշտությունը և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը: 5.Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, մշտապես հանդես գալ հասցեական գնահատականներով` հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ: 6. Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը: 7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը: 8. Նպաստելու ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարունակական զարգացմանը: 9. Վերահաստատում ենք հայկական կուսակցությունների՝ Ստեփանակերտ քաղաքում ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ: 10. Առաջարկում ենք Սփյուռքի ավանդական կուսակցություններին հետագայում միանալու այս համաժողովի աշխատանքներին»:

Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել