Մեծ հաշվով առանձնահատուկ ռազմական խելք և հմտություն չի պահանջվում սահմանային դիրքը կրակի տակ առնելու համար: Այս առումով Բաքվի բռնապետական վարչակարգը, եթե նախկինում փորձում էր ստեղծել տպավորություն, թե տեխնոլոգիական և որակական առավելություն ունի հայկական կողմի նկատմամբ, ապա այժմ որդեգրել է «հռի-կոպալի» գնդակոծությամբ մեզ մարդկային կուրստներ պատճառելու սադրիչ մարտավարությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական լրատվական դաշտը և հասարակությունը իր գրեթե բոլոր բաղադրիչներով, ի տարբերություն հենց նույն ադրբեջանականի, ամենաազատականներից մեկն է և բավական արագ ու ցավագին է արձագանքում հատկապես մարդկային կորուստների հանգամանքին, նման գործելաոճով փորձ է կատարվում, ըստ էության, թիրախավորել ոչ այնքան մեր զինվորներին, որքան հենց հայաստանյան հասարակությունը:

Ակնհայտ է, որ մեկ կամ նույնիսկ մի քանի սահմանային դիրքի գնդակոծմամբ և մի քանի մարդկային կորուստ պատճառելով հայկական կողմին ռազմական իմաստով լրջագույն վնաս հասցնելն անհնարին է, սակայն հաշվի առնելով այն, որ մենք մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը անգին ենք համարում, մեզանում առկա հասարակական տրամադրություններում տեղի են ունեում որոշակի փոփոխություններ և առաջ է գալիս ավելորդ խառնաշփոթ, ինչին էլ հենց հիմնականում ձգտում է Բաքվի բռնապետական վարչակարգը:

Այս իմաստով, ըստ իս, մեր միակ պատասխանը պետք է լինի մեր տղաների վրեժի ցանկությունը, և քանի որ մենք մեր ազգային իղձերն ի կատար ածելու գործառույթը ինչպես իրեն հարգող ցանկացած հաջողակ ազգ պատվիրակել ենք մեզ համար ոչ պակաս անգին մեր պետականությանը, ապա յուրաքանչյուր նման սադրանքի դեպքում ամենաարդյունավետ հասարակական գործելաոճը միգուցե բնական, բայց ավելորդ հուզականությունը մի կողմ թողած պետականության շուրջ համախմբվելն է՝ հանգիստ պայմաններում մեր համապետական պատասխանը ծրագրելու և մեր զոհված տղաների վրեժը լուծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել