Նախօրեին Երուսաղեմի Հին քաղաքում տեղի ունեցած կրկնակի «ահաբեկչական հարձակումների» պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է իսրայելական սահմանային ոստիկանության («Մագավ») 23-ամյա կին սերժանտ, 2 ծառայող, ևս 2 քաղաքացիական անձինք էլ վիրավորվել են, ստանձնեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը. սա ԻՊ-ի ստանձնած առաջին բռնարարքն էր Իսրայելի տարածքում:
«Շահիդները սարսափ են թողել հրեաների սրտերում: Եվ Ալլահի օգնությամբ այս հարձակումը վերջինը չի լինելու... Հրեաները թող սպասեն իրենց երկրի ոչնչացմանը...»,- մասնավորապես նշված է ահաբեկչական խմբավորման հայտարարության մեջ:

Հունիսի 7-ին ԻՊ-ի կողմից նունպես առաջին անգամ Իրանում իրականացված ահաբեկչական հարձակումից հետո ծայրահեղական կառույցի հասցեին հնչում էին հստակ մեղադրանքներ առ այն, որ վերջինը թիրախավորել է իսլամադավան երկրները՝ մոռանալով բոլոր մուսուլմանների կարևորագույն թշնամու՝ Իսրայելի մասին:

Եվ ահա, Թեհրանի գործողությունից ընդամենը 9 օր անց ահաբեկչական հարձակում արդեն Երուսաղեմում. թեպետ երկու՝ նաև իրար թշնամի երկրներում ահաբեկչությունների համար ընտրված թիրախները, հասցված վնասը, քարոզչական արձագանքը համեմատելի չեն, այսուհանդերձ, նման բռնարարքների իրականացումն արդեն իսկ բավական մտահոգիչ իրողություն է, որն, անշուշտ, կունենա նաև որոշակի զարգացումներ:

Երուսաղեմում տեղ գտած ահաբեկչության հետ կապված մեկ այլ ուշագրավ իրողություն ևս խորը մտորելու տեղիք է տալիս: Բանն այն է, որ ԻՊ-ի հետ ասոցացվող «Ալ-Ամակ» լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունը՝ բռնարարքի պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ, շտապել է հերքել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» կազմակերպությունը, որի մամուլի պատասխանատու Սամի Աբու Զուհրիի պատասխան հայտարարության մեջ նշվում է, թե հարձակումն իրականացրած երիտասարդներից մեկը «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչ է, մյուս երկուսը՝ «Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ» կառույցի, իսկ ԻՊ-ի հայտարարությունը տարակուսանք առաջացնելու փորձ է. ի դեպ՝ իսրայելական իշխանությունները ևս ահաբեկչությունների իրականացման մեջ մեղադրել էին հենց պաղեստինյան կառույցներին, իսկ 3 «ահաբեկիչներն» էլ վնասազերծվել էին տեղում:

Վերոնշյալը բավական ուշագրավ իրողությունների հիմք է ստեղծում. նախ, եթե ահաբեկչություն իրականացնող իրոք ԻՊ-ն է, ապա հետաքրքիր կլինի հետևել իսրայելական իշխանությունների պատասխան գործողություններին: Մյուս կարևոր հանգամանքը «ՀԱՄԱՍ-ի» և ԻՊ-ի մրցակցությունն է առնվազն քարոզչական հարթությունում, որտեղ, եթե, այնուամենայնիվ, արձանագրվի առաջինի «հաղթանակը», ապա դա լրջորեն կստվերի ԻՊ-ի ծավալած «ջիհադական» պայքարի վերաբերյալ իրականացվող քարոզչության առնվազն ճշմարտացիությունը՝ լրջորեն վնասելով նաև կառույցի՝ առանց այն էլ անկում ապրող վարկանիշն ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել