Panorama.am-ը գրում է.
 Հայաստանում ծնելիության նվազմանը, մահացության ավելացմանը զուգահեռ աճում է նաև միգրացիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական  ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը:

Ըստ նրա՝ միգրացիոն  հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի համար մեկնողների և անվերադարձ մեկնողների թիվը: Ընդորում, միգրացիոն տարիքը 18-54 տարեկանն է, այսինքն՝  վերարտադրողական տարիքը:

«Մեկնողների 77 տոկոսը տղամարդիկ են: Եթե հաշվի առնենք նաև այն, որ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պատճառով աղջիկների թիվը նվազել է, իսկ միգրացիոն գործընթացներում ընդգրկվածների մեծ մասը տղամարդիկ են, ապա ունենում ենք սեռատարիքային հարաբերակցության կտրուկ խախտում»,- ասաց նա: 

Տաթևիկ Բեժանյանի խոսքերով՝ մինչև 2015 թվականը երկարաժամկետ և մշտական մեկնողների թիվը 35 հազար էր, մինչդեռ 2016թ-ին Հայաստանից մեկնել է 37 հազար մարդ, որից 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, 53 տոկոսը՝ անվերադարձ մեկնողները:

Նա նաև ասաց, որ բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի միտում է նկատվում. «Կանխատեսումները, ցավոք սրտի, հուսադրող չեն: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ հնարավոր է կրկնվի 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Իսկ դա լրջագույն խնդիր է մեր երկրի համար»:

Միաժամանակ, բանախոսը նշեց, որ 2016թ-ին միգրացիոն հոսքերը նվազել են, հիմնականում նվազել է կարճաժամկետ աշխատանքի մեկնողների թիվ: Ըստ Տաթևիկ Բեժանյանի` դա պայմանավորված չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, պարզապես ՌԴ տնտեսությունն է թուլացել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել