Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել