Հիշո՞ւմ եք, 2012թ.-ին Հայաստանում պետական աշխատողների սոցիալական խնդիրների բարելավման համար կարևոր քայլ կատարվեց: Պետական աշխատողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիրը՝ «Սոցիալական փաթեթը», այսօր հաջողությամբ գործում է: Լավ-վատ, բայց այն հիմնավորումը, որ դրված էր ծրագրի տակ (պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը), ապացուցեց իր կենսունակությունը՝ թեկուզ և մինիմալ սոցիալական երաշխիքներ տրամադրելով պետության համար աշխատող քաղաքացիներին:

Բայց կա մի ուշագրավ խնդիր, որը ցայսօր լուծում չի ստանում: Պետական համակարգում «Սոցիալական փաթեթից» օգտվում են բոլորը՝ բացի բարձրագույն կրթական ծառայություններ մատուցող պետական հաստատությունների աշխատակիցներից: 2008թ.-ից դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, 6 տարի աշխատել եմ ԵՊՀ կենտրոնական վարչական ապարատում՝ որպես բաժնի վարիչ, ռեկտորատի և կառավարման խորհրդի անդամ եմ եղել և ծանոթ եմ տարիներ շարունակ իր տրամաբանական լուծումը չգտնող այս խնդրին: Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ պետական հաստատությունների աշխատակիցներին նույնպես տրամադրվի «Սոցիալական փաթեթ»: Արդար չէ բուհերի աշխատակիցներին վերածել պետական համակարգում սոցիալապես ամենախոցելի խավի, ոչ էլ նրանց դիտարկել որպես «երկրորդ կարգի» աշխատակիցների: Իհարկե, հասկանում եմ, որ պետական բյուջեն անտակ տակառ չէ, կա բյուջետային միջոցների սահմանափակության խնդիր, բայց համոզված եմ, որ լուծումներ գտնել հնարավոր է:

Որպես ԱԺ պատգամավոր՝ պատրաստվում եմ պետական մարմինների և բուհական շրջանակների հետ միասին այս խնդիրը կարգավորելու համար լուծումներ որոնել, անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական մակարդակում: Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել խնդրի հետ առնչություն ունեցող պետական և բուհական շրջանակների ներկայացուցիչների, խնդրին քաջատեղյակ շահառուների և փորձագիտական խմբերի հետ: Եթե այս աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցողներ կան, խնդրում եմ արձագանքել: Դույզ-ինչ չեմ կասկածում, որ լուծումներ գտնելու ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել