Yerkir.am-ը գրում է.

Երեկ ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:

Նշենք, որ ևս 12 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում կա: Նրանք, ըստ որոշ ԶԼՄ-ների, Էրդողանի թիկնապահներն են:

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն այդ կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, թե Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման և Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները իբր համախմբվել և ցույց են կազմակերպել, իսկ ԱՄՆ ոստիկանությունը այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել:

«Եթե նման բան Թուրքիայում լինի, ի՞նչ վերաբերմունք կցուցաբերվի: Բավական չէ՝ ոչինչ չեն ձեռնարկել, մի բան էլ մեր աջակիցներից երկուսին բանտարկել են: Նման բան ինչպե՞ս կարող է պատահել: Մյուս կողմից էլ` իմ 12 թիկնապահների վերաբերյալ ձերբակալման որոշում են կայացրել, սա ի՞նչ օրենք է»,- հայտարարել է նա:

Թիկնապահներին ձերբակալելու վերաբերյալ որոշումից վրդովված Էրդողանը այնուհետև շարունակել է. «Երբ ԱՄՆ ղեկավարները գալիս են մեր երկիր, թուրք ոստիկաններին մեքենա անգամ չեն նստեցնում: Իսկ երբ մենք ենք գնում, ասում են՝ ոչ, մենք մեր ոստիկանին ենք նստեցնելու: Մենք սրա համար պայքարելու ենք թե քաղաքականապես, թե օրենքով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել