Քանի գնում է, այնքան մշուշի մեջ է խորանում որոշ կառույցների քաղաքական ապագան։

Ինչպես հիշում ենք, Երևանի ավագանու ընտրություններն անցան անհամեմատ հանդարտ պայմաններում։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր բևեռը նորից միասնական հանդես չեկավ։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քաղաքական դիսկուրսը սկսել էր չափազանց խոցելի ստրատեգիայով։ Վերջինս այդ շաբաթներին ջանք ու եռանդ չէր խնայում Ելք-ի կողմ ցեխ շպրտելու համար։ Փոստանջյանի հիմնական բռնակը, որից կառչած մնաց մինչև բուն ընտրություն, Ելք դաշինքի՝ Ազգային Ժողովի մանդատները վայր չդնելն էր։ Փոստանջյանը թերևս չէր գիտակցում, որ այս թակարդը լարվում է հենց իր դեմ։

Ինչո՞ւ հրաժարվել մանդատներից։ Այս հարցի վերաբերյալ «Երկիր ծիրանիի» ղեկավարն ուներ մի մոտեցում, այն էր․ «Մանդատներից չհրաժարվելով՝ Ելք-ը ջուր է լցնում իշխող ուժի ջրաղացին»։ Այս տրամաբանությունը, սակայն, հետագայում առաջին հերթին հարվածի տակ դրեց հենց Զարուհու կուսակցության՝ ընդդիմադիր լինելու փաստը։
Երևանի ավագանու ընտրություններից հետո հետաքրքիր էր, թե արդյոք Զարուհի Փոստանջյանն ու իր խմբակցությունը վայր կդնեն մանդատները։ Այսօր Երևանի ավագանու կազմում Երկիր ծիրանին ներկայացված է ամբողջական կազմով։ Նույն տրամաբանությամբ եթե նայենք, ապա Զարուհին իր կուսակիցների հետ պետք է վաղուց մանդատը վայր դրած լինեին, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք այս կերպ Փոստանջյանն ու իր խմբակցությունը ջուր չեն լցնում Տարոն Մարգարյանի ջրաղացին։

Փոստանջյանին խոցելի է դարձրել իր տաքարյուն, ոչ ադեկվատ պահելաձևը, որի հետևանքով վերջինս կամաց-կամաց ժառանգում է իր երբեմնի կնքահայր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարճատեսությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել